Կրեմլն անհիմն է անվանել Երևանից Մոսկվայի հասցեին հնչող մեղադրանքները, որ նա չի կատարում իր պարտավորությունները Լեռնային Ղարաբաղի հարցում։ Այս մասին, մասնավորապես, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Խոսքը Բաքվի գործողությունների մասին է դե յուրե իր տարածքում»,- լրագրողներին ասել է նա՝ մեկնաբանելով Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունն այն մասին, որ Մոսկվան չի կատարում Լեռնային Ղարաբաղի բնակչությանը պաշտպանելու իր պարտավորությունները։
Պեսկովը նշել է, որ Ղարաբաղի հետ կապված իրավիճակում Կրեմլը ելնում է առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի միջև 2021-2022 թվականների եռակողմ պայմանավորվածություններից։
«Այս պահին երկրորդ չափազանց կարևոր չափանիշն այն է, որ վարչապետ Փաշինյանը հայտարարեց 1991 թվականով Ադրբեջանի սահմանների ճանաչման մասին։ Սա նշանակում է, որ հայկական կողմը ճանաչել է Ղարաբաղը որպես ադրբեջանական տարածքի անքակտելի մաս։ Սա էապես փոխել է մի շարք դրույթներ, և մենք չենք ընդունում մեր հասցեին նման հանդիմանությունները, հատկապես Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ընդունելու հայկական կողմի պաշտոնական որոշումից հետո»,- շարունակել է Կրեմլի ներկայացուցիչը։
Խոսելով Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների մասին՝ նա ասել է. «Նրանք չեն զբաղվում սխոլաստիկայով, այլ կատարում են իրական բաներ, օգնում են տարհանել խաղաղ բնակչությանը»։