«Մինչև վաշինգտոնյան փաստաթղթերի ստորագրումը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն Էգեյան ծովից ափալ-թափալ եկավ Հայաստան, իր հարցազրույցում պնդեց, որ Հայաստանը պետք է միջանցք տրամադրի ռուսական պայմաններով, որն ավելի մոտ էր արտատարածքային միջանցքին, և որը մենք մերժել ենք հենց սկզբից։ Այսինքն՝ ինքը, ընդդիմությունն արդեն իսկ ձևակերպել էր միջանցքի տրամադրումը որպես անխուսափելի գործընթաց։ Ստացվում է՝ Վաշինգտոնում ստորագրվելիք փաստաթղթերից առաջ Քոչարյանն ասում էր, թե միջանցքի տրամադրումն անխուսափելի է, և երբ ստորագրվեցին փաստաթղթեր, որտեղ փակվում է միջանցքի թեման, ընդդիմությունն աժիոտաժի մեջ է։ Ընդդիմությունն իրականում անհանգստացած է նրանից, որ միջանցքի թեման փակվել է»,- civic.am-ի հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Տիգրան Պարսիլյանը՝ անդրադառնալով վաշինգտոնյան գործընթացի վերաբերյալ ընդդիմության և իշխանության ծայրահեղ տարբեր մեկնաբանություններին։
Ըստ պատգամավորի՝ ընդդիմության
նման պահվածքի պատճառն այն է, որ նրանց արտերկրյա «վերադասը» կամ հրահանգներ տվողը
զրկվում է ՀՀ-ում արտատարածքային միջանցք կամ որևէ կերպ վերահսկվող միջանցք ունենալուց։
«Ուղղակի ծիծաղելի են ընդդիմության տեքստերը. Խաչիկյան ազգանունով
մեկը կա, պնդում է, որ սա երկրորդ կապիտուլյացիան է, ոմանք էլ ասում են՝ երրորդ։ Սա
խոսում է այն մասին, որ էդ մարդիկ այդ տերմինն օգտագործում են հուզական ֆոն ստանալու
համար, և իրենք անընդհատ օգտագործելու են դա։ Իրենց քաղաքականությունը արտաքին թշնամի
ունենալու վրա է հիմնված, այլապես «երկրորդ կապիտուլյացիան» ո՞րն է։ Եթե ինչ-որ երկիր
կապիտուլացվել է երկրորդ անգամ, ուրեմն ինքն այդ ընթացքում նորից ձեռք է բերել ինքնիշխանություն։
Այսինքն՝ իրենք նույնիսկ չեն
հասկանում բառի իմաստը, որը գործածում են։ Իրենց ելույթները, առիթ ունեցել եմ արդեն
նշելու, պիտի համեմված լինեն արյունով, յաթաղանով, այո, կապիտուլյացիայով, որ այսպիսով
ազդեն մարդկանց հուզական ֆոնի վրա»։
Անդրադառնալով առաջին նախագահ
Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Սպիտակ տանը ստորագրված փաստաթղթերի վերաբերյալ հայտարարությանը,
որում վերջինս կենտրոնացել է մասնավորապես Իրանի և Ռուսաստանի արձագանքների վրա, Պարսիլյանը
նկատեց՝ առաջին նախագահն առաջնորդվել է հայտնի հնարքով՝ ինչպես չխոսել այն մասին, որի
մասին պիտի խոսես։ «Կարծում եմ՝ Տեր-Պետրոսյանն ունեցել
է որոշակի բարդույթներ խոսելու թեմայի մասին՝ հաշվի առնելով այն, որ ՀԱԿ շատ անդամներ
հասցրել են արդեն արտահայտվել և կարծիք հայտնել։ Եվ եթե ինքը կողմ արտահայտվեր խաղաղությանը,
այսպիսով դեմ էր լինելու իր կուսակցության՝ արդեն իսկ արտահայտած դիրքորոշումներին։
Մյուս կողմից էլ՝ չէր կարող դեմ արտահայտվել,
քանի որ իր՝ այս ողջ ընթացքում կիրառած խոսույթը, իր քաղաքական կենսագրությունը եղել
է խաղաղության մասին, աշխարհի առաջ բացվելու, համագործակցելու մասին»։
Ընդդիմության առաջիկա անելիքների, «Սրբազան շարժման» առաջնորդ
Վազգեն Գալստանյանի՝ «պատերի տակ գյուլլելու» մասին հայտարարության վերաբերյալ նրա փաստաբանների «բացահայտման» և այլ հարակից հարցերի
մասին պատգամավորի հետ մեր զրույցի մանրամասները՝
տեսանյութում։
Հեղինե Մանուկյան