Հայաստանում մինչ այս
ծավալված ու անփառունակ վախճան ունեցած շարժումները քիչ էին, հիմա էլ նորն է ձևավորվելու,
անունն էլ՝ «Մեր ձևով»։ Անվանումն արդեն իսկ հուշեց, որ դրա գաղափարը հղացել են
կալանքի տակ գտնվող ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանի թիմում։
«Սամվել Կարապետյանի
պաշտպանության խորհուրդ» անվանումով ֆեյսբուքյան էջն ազդարարել է, թե «այս
նախաձեռնությունը ձևավորվել է հստակ գաղափարների շուրջ և մեծ ծրագրեր ունի Հայաստանի
համար», ապա նշել մի շարք նպատակներ՝ «վերականգնել Հայաստանի՝ վստահելի
գործընկերոջ համբավը, ապահովել
արցախցիների արժանապատիվ ապրելու իրավունքը,
պահպանել ու պաշտպանել մեր Սուրբ Եկեղեցին»։
Էջի տեղեկացմամբ՝ հիշյալ
շարժումը դառնալու է «այն հենքը, որի վրա կձևավորվի նոր քաղաքական ուժը. ուժ, որի
կարիքը բոլորն են զգում այսօր»։ Շարժման և նույնանուն կուսակցության հեղինակները
չեն զլացել հիշեցնել, գուցե սպառնալ՝ «Մենք շարունակելու ենք մեր ձևով»։
Հասարակությունը,
նկատենք, այդպես էլ չիմացավ՝ հատկապես այդ ո՞ր
ձևը նկատի ունեն սամվելկարապետյանականները. Հայաստանում քաղաքական պայքարի
բոլոր դրսևորումները մի ձև ունեն՝ սահմանադրական։
Փաստորեն, հանրապետության «կեսին» դատի տալուց՝ մի շարք գործիչների, այդ թվում՝
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դեմ քաղհայցեր ներկայացնելուց հետո ռուսաստանցի գործարարը որոշել է նոր «լեվլ»
նվաճել՝ շարժում գեներացնել։