Գրող Հայկ Հովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Զարմանալ կարելի է անշուշտ, երբ ամերիկյան լավագույն բուհերում կրթություն ստացած պրաֆեսըրը չի կարողանում իրարից տարանջատել քաղաքական գործունեության ու հայացքների շուրջ ծաղրը անձնական բնույթի վիրավորանքներից, բայց ինչևէ... պետք է փիլիսոփայորեն մոտենալ այս ամենին, գիտակցելով, որ քաղաքականացված կյանք դավանելու համար անհրաժեշտ հմություններից մեկն էլ անհիմն վիրավորանքների հանդեպ բավարար իմունիտետ ունենալն է` չշփոթելով անձնականը քաղաքական գործունեության հետ:
Ինչևէ, անցնենք բուն հարցադրումներին:
Առհասարակ ես ինձ համար առանձնացնում եմ Նիկոլ Փաշինյան քաղաքական գործչի մի քանի էտապ` մինչև 2015-2016, 2016-2020 , 2020-2022 և 2022-ից մինչև մեր օրեր:
Վերաբերմունքս Նիկոլ Փաշինյան քաղաքական գործչին այս բոլոր շրջափուլերում խիստ տարբեր է՝
մինչև 2022 թվականի Նիկոլ Փաշինյանի ամենախիստ քննադատներից մեկը լինելուց մինչև նրա վարած բարիդրացիության քաղաքականության աջակիցը` սկսած 2023-ի սեպտեմբերից, երբ Փաշինյանը թույլ չտվեց ՀՀ-ին խառնվել Արցախում տեղի ունեցողին և բռնել Չպետության ճանապարհը:
Առհասարակ պետք է ըմբռնել , որ քաղաքականության մեջ չկան հավերժ սիրելիներ և հավերժ ատելիներ: Ամեն բան կախված է քաղաքական գործչի տրանսֆորմացիայից, սեփական սխալներն ընդունելու և վերափոխվելու ունակությունից: Հավերժական զգացմունքերը կրոնական այլ ոչ թե քաղաքական կատեգորիաներ են:
Հիմա Ռուսաստանի մասով:
44-օրյա պատերազմից անմիջապես հետո դժվար էր աշխարհում գտնել ավելի ռուսականացված տարածություն, քան Հայաստանն ու Արցախն էին: Հիշեցնեմ, որ դա մի ժամանակահատված էր, երբ Հայաստանում Պաշտպանության և Արտաքին Գործերի նախարարներ էին նշանակվում և հանվում ըստ Մոսկվայի բարեհաճության, երբ Հայաստանյան իրականությունում վարչապետից հետո ամենաազդեցիկ քաղաքական հարց լուծողը ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարն էր, երբ ՀՀ-ն միլիոններ էր ծախսում Արցախի բնակարանաշինության և այլ ծրագրերի վրա, երբ Հայաստանի ցանկացած վայրում հողահատկացում էին անում ռուսական ՖՍԲ կարիքների համար և զորակայաններ տեղադրում իրենց ուզած վայրում:
Ի՞նչ աշխարհաքաղաքական կուրսի փոփոխության մասին էր առհասարակ խոսքը:
Բայց արդյունքում 2021 թվականի մայիսի 12-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն հատեց Հայաստանի պետական սահմանը և խորացավ մինչև 3,5 կմ Սյունիքի Սև լճի հարակից տարածքում՝ ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումն ու հայ զինծառայողների գերեվարումը հիմնավորելով սահմանների ճշգրտմամբ։ Իսկ մայիսի 13-ին ադրբեջանցիները ներխուժեցին Գեղարքունիքի Կութ, Վերին Շորժա, Նորաբակ բնակավայրեր՝ խորանալով մոտ 2 կմ։ Ադրբեջանցիները հաստատվեցին նաև Սոթք-Խոզնավար հատվածում՝ օկուպացնելով շուրջ 45 կմ² տարածք։ Նույն 2021-ին կորցրինք Գորիս-Կապան ճանապարհը, եղան հարձակումներ Երասխի, Գեղարքունիքի ուղղությամբ, ինչպես նաև բազմաթիվ հարձակումներ արդեն Արցախի տարածքում:
Վճարված գումարի դիմաց Ռուսաստանից ստացանք միայն մի հուշանվեր-դաշույն:
Այսպիսի կորուստներով Հայաստանը հասավ 2022-ի գարնանը, երբ Փարուխի կորստից և ռուս խաղաղապահ զորախմբի հերթական անգործությունից հետո տեղի ունեցավ (թվով երկրորդ) Բրյուսելյան եռակողմ հանդիպումը Շառլ Միշելի միջնորդությամբ:
Ահա այս հանդիպումն է, որ հարգարժան պրոֆեսորը և իր մյուս գաղափարակիցները համարում են Փաշինյանի աշխարհաքաղաքական ռեվերսի մեկնարկը` իբրև համարելով, որ իսկը ժամանակն է «թռնելու» պատերազմում անհաջողություններ գրանցող Ռուսաստանի վրայից:
Բրյուսելյան այս հանդիպումը ընդդիմադիր շրջանակները համարում են այն շրջադարձը, որը հանգեցրեց Արցախը կորցնելուն` մոռանալով թե ինչ դեպքերի դա հաջորդեց:
Բայց արդյո՞ք 2022 ապրիլից հետո «դավաճանվեց» Ռուսաստանը:
Ես պնդում եմ, որ ոչ և շարադրեմ թե ինչու:
Բրյուսելյան հանդիպումից 2 շաբաթ անց Փաշինյանը Նիժնի Նովգորոդում Պուտինի հետ ստորագրում է 19 կետից կազմված հայտարարություն համագործակցության խորացման մասին, որտեղ առանձին կետերով կա անդրադարձ թե’ նոյեմբերի 9-ի համաձայանագրին և թե’ եռակողմ պայմանավորվածություններին:
Այդ ի՞նչ էր ուրեմն ստորագրում Պուտինը իր վրայից «թռած» և հարթակ փոխող Փաշինյանի հետ, հը՞...
Բայց անցնենք առաջ:
Դրանից մեկ ամիս անց՝ մայիսին, Փաշինյանը հարցազրույց է տալիս և փաստում, որ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը հայկական կողմին է ներկայացրել մի փաստաթուղթ` Մեղրիով երկաթուղի գործարկելու մասին, և ստացել հայկական կողմի հավանությունը, բայց մերժվել Ադրբեջանի կողմից: Այդ ինչի՞ց է ապա «նեղացել» Ռուսաստանը, հը՞...
Անցնենք առաջ...
Մայիսին հետևում է օգոստոսին տեղի ունեցող ՀԱՊԿ գագաթնաժողովը, որտեղ Լավրովը պնդում է, որ եռակողմ պայմանավորվածությունների մասով ամեն բան հիանալի է ընթանում: Այդ ո՞վ և որտե՞ղ էր «քցում» Ռուսաստանին, հը՞... Չմոռանանք նաև Խովաևի այցը և Փաշինյանի պնդումը, որ հայկական կողմը հավանություն է տվել նրա առաջարկներին:
Այսպես մոտենում ենք 2022-ի սեպտեմբերին և ճակատագրական Ջերմուկյան դեպքերին, որի արդյունքում ՀԱՊԿ-ը և Ռուսաստանը փաստացի հրաժարվեցին հանդես գալ որպես ՀՀ դաշնակիցներ, և Հայաստանը, մենակ մնալով ադրբեջանական ագրեսիայի դեմ, ստիպված եղավ դիմել Արևմուտքին և արդյունքում Պրահայում ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
Հիմա կասեք` բա միջա՞նցքը... Փաշինյանը բազմիցս է հայտարարել, որ այն պայմանավորվածությունները, որոնք կային Նոյեմբերի 9-ի համաձայնագրի 9-րդ կետով, հայկական կողմը պատրաստ է իրականացնել, բայց Ադրբեջանը ուզում է ավելին.... արտատարածքային միջանցք, որին Հայաստանը համաձայն չէ:
Հիմա հռետորական հարց պարոններին` արդյո՞ք այս ամենից հետո իրենք վստահ են, որ արտատարածքային միջանցքն Ադրբեջանին տալով Արցախը հնարավոր էր լինելու փրկել և արդյոք ամեն բան ու բոլորին «առևտրի» վերածող Ռուսաստանը ուժով կարողանալու էր պահել Արցախը և եթե կարող էր` ինչու դա չարեց: Չասե´ք, թե նեղացել էր, ես վերևում կետ առ կետ նշեցի, որ նեղանալու պատճառ Ռուսաստանը չուներ:
Ի՞սկ թե ինչու ԱՄՆ-ի շահերին դեմ գնալու պարագայում Հայաստանը չի կարելի համեմատել Սլովակիայի և Հունգարիայի հետ, ապա առնվազն պետք է նայել քարտեզին` համեմատելու համար Հայաստանի և Սլովակիայի հարևաններին:
Հիմա կասեք՝ բա չգիտե՞ն այս ամենը հարգարժան պրոֆեսորն ու մյուսները:
Չեն կարող չիմանալ, վերջիվերջո մարդը հոդված և մենագրություն է գրել` դեպքերն ուսումնասիրելով:
Իսկ այ թե ինչու՞ են այդ մարդիկ զբաղված մեղքը Հայաստանի Հանրապետության վրա բարդելով, երբ այլևս այդ բոլոր անհիմն մեղադրանքները ոչ թե Փաշինյանին են վերաբերվում, այլ հենց Հայաստանին, ես բազմանշականորեն կլռեմ` հաշվի առնելով պրոֆեսորի կողմից հնչեցված անձնական հաշվեհարդարի ակնարկներն իմ հասցեին (ի՞նչ իմանամ՝ ՖՍԲ-ից ով կգա հետևիցս) և որպես քաղաքականացված անձ կհրավիրեմ Arman Grigoryan -ին հրապարակային բանավեճի` բարձրացված քաղաքական հարցերը պարզաբանելու: