«Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմաշարի պրոդյուսերները սկսել են նոր մասի նկարահանումների նախապատրաստական աշխատանքները։ Այս մասին հայտնում է TheDisInsider պարբերականը։ Ինսայդերի տվյալներով՝ նախագծին կմասնակցի նաև Ջոնի Դեփը, ով կվերադառնա կապիտան Ջեք Ճնճղուկի դերին։
Ավելի վաղ Դիսնեյի պրոդյուսերները նշել էին, որ դիտարկում են նոր ֆիլմի երկու տարբերակ՝ մեկը՝ Դեփի մասնակցությամբ, մյուսը՝ առանց նրա։ Ամեն ինչ կախված է նրանից, թե արդյոք ընկերությանը կհաջողվի հաշտվել դերասանի հետ՝ Էմբեր Հերդի դեմ դատական սկանդալից հետո։
Հիշեցնենք, որ «Կարիբյան ծովի ծովահենների» վերջին մասը թողարկվել է 2017 թվականին։ Դերասանի դեմ մեղադրանքների ֆոնին Դիսնեյը խզել էր հարաբերությունները Ջոնի Դեփի հետ, իսկ վերջինս դատավարության ավարտից հետո հայտարարել էր, որ նման վերաբերմունքի պատճառով մտադիր չէ վերադառնալ ֆիլմաշար։