Բավական երկար ժամանակ մենք Թուրքիայի հետ ունենք ուղիղ հաղորդակցություն, ինչը շատ էական է և կարևոր. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա մամուլը որակել է պատմական:


Այս մասին Թուրքիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ ըստ էության շատ կարևոր այցը շարունակությունն է այն պրոցեսների, որոնք ըստ էության մեկնարկել են 2022 թվականին Պրահայում իր և նախագահ էրդողանի միջև տեղի ունեցած առաջին հանդիպումով, որին հաջորդել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջև երկխոսության մեկնարկը:


«Որից հետո նաև Արտաքին գործերի նախարարությունների միջև ակտիվ շփումներ սկսվեցին, նաև նախորդ տարի Թուրքիայի նախագահի հետ հանդիպում տեղի ունեցավ Նյու Յորքում: Այս ընթացքում մի քանի հեռախոսային խոսակցություններ ենք ունեցել և իհարկե սա շատ կարևոր հանգրվան է»,- ասել է վարչապետը:


Վերջին շրջանում ինչ է փոխվել Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում:


Ըստ վարչապետի, առաջին հայացքից ոչ շատ շոշափելի, բայց իր կարծիքով շատ էական փոփոխություն է արձանագրվել:


«Եթե մի քանի տարի առաջ մեզ պետք լիներ ճշտել այս կամ այն հարցում Թուրքիայի դիրքորոշումը և Թուրքիան ուզենար այս կամ այն հարցում ճշտել Հայաստանի հանրապետության դիրքորոշումը որևէ հարցում, բացի հրապարակային հայտարարություններից կարծում եմ երկուստեք պետք է դա փորձեինք պարզել երրորդ երկրների միջոցով:


Բայց շատ կարևոր եմ համարում, որ արդեն բավական երկար ժամանակ մենք Թուրքիայի հետ ունենք ուղիղ հաղորդակցություն և սա կարծում եմ շատ էական և կարևոր պայման է, որ մենք կարող ենք մշտապես հաղորդակցության մեջ լինել և փորձել որոշակի օրակարգեր ձևավորել, քննարկումներ ունենալ: Ես նկատի ունեմ ոչ միայն այն հանդիպումները, որոնք երկկողմ մակարդակում պաշտոնապես տեղի են ունենում, այլև, եթե չասենք ամենօրյա, այնուամենայնիվ շարունակական և մշտական աշխատանք ինչը չափազանց կարևոր է։


Ի տարբերություն նախորդող շրջանի, հիմա Թուրքիայի հետ մեր շփումները շատ ինտենսիվ են: Այնուամենայնիվ,  տարածաշրջանի և միջազգային զարգացումներն իրենց ծավալով շատ ավելի մեծ են և ես կարծում եմ, որ առաջին հերթին այս այցը իմ դիտանկյունից և իմ պատկերացմամբ մեզ համար լավ հնարավորություն է, որպեսզի մենք Հայաստանի Հհանրապետության դիրքորոշումներն, այդ դիրքորոշումների նրբությունները, առանձնահատկությունները և լուծումների մասին պատկերացումները հնարավորություն ունենանք ամբողջական ներկայացնել Թուրքիայի մեր գործընկերներին»,- ասել է վարչապետը՝ նշելով, որ այցի հիմքում ընկած են Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերություններն են: