Իրանում անվտանգության մարմինների աշխատակիցներին արգելել են օգտվել հանրային ցանցերին միացված սարքերից

Իրանի իշխանությունները երկրի անվտանգության կառույցների բոլոր աշխատակիցներին արգելել են օգտագործել այն կապի միջոցները, որոնք միացված են հանրային հասանելիությամբ ցանցերին։ Տեղեկատվությունը տարածել է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով իրանական Fars լրատվականին։


Ըստ աղբյուրի՝ Իրանի կիբեռանվտանգության գերատեսչությունը նման արգելք է սահմանել բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների և անվտանգության ծառայությունների աշխատակիցների համար՝ նպատակ ունենալով բարձրացնել տեղեկատվության պահպանության մակարդակը։


Նշենք, որ այս ֆոնին Իսրայելի ԱՄՆ-ում դեսպան Եհիել Լեյտերը հայտարարել է՝ Թել Ավիվը Իրանի դեմ պատրաստել է նոր գործողություն, որը իր մասշտաբներով կստվերի նույնիսկ 2024 թվականին Լիբանանում «Հեզբոլլահ»-ի անդամների կապի միջոցների պայթեցման գործողությունը։


Merit Street հեռուստաալիքին տված հարցազրույցում նա նշել է․ «Մենք պատրաստել ենք մի քանի անակնկալ։ Երբ փոշին նստի՝ հինգշաբթի, ուրբաթ դուք կտեսնեք մի քանի անակնկալ, որոնց համեմատ պեյջերների գործողությունը շատ պարզ կթվա»։



Հիշեցնենք, որ 2024 թվականի սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանի տարբեր շրջաններում գրանցվել էին բազմաթիվ պայթյուններ՝ ուղղված կապի սարքերին, հատկապես պեյջերներին և ռացիաներին։ Ըստ Լիբանանի իշխանությունների տվյալների՝ զոհվել էր 37 մարդ, ավելի քան 3000-ը վիրավորվել էին։ «Հեզբոլլահ» շարժումը մեղադրանք էր ներկայացրել Իսրայելին։