Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ABC News-ին տված հարցազրույցում հերքել է The Wall Street Journal-ի հրապարակումը, ըստ որի՝ Իրանը պատրաստակամություն է հայտնել դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին։ Նրա խոսքով՝ նման հայտարարությունները «խաբեություն են»։
«Իրանցիները ցանկանում են կեղծ բանակցություններ վարել, որոնց ընթացքում նրանք ստում են, խաբում և պարզապես մոլորեցնում են ԱՄՆ-ին։ Մենք ունենք հուսալի հետախուզական տվյալներ, որոնք դա հաստատում են», — նշել է Նեթանյահուն։
Նա ընդգծել է, որ Թեհրանը դիվանագիտության քողի տակ շարունակում է զարգացնել միջուկային զենք և բալիստիկ հրթիռներ, որոնք ուղղակի սպառնալիք են Իսրայելի համար։ Վարչապետը հավելել է, որ Իրանը միաժամանակ ձգտում է ստեղծել երկու էքզիստենցիալ սպառնալիք՝ ռազմական և միջուկային։
Նեթանյահուն նաև հայտարարել է, որ Իրանը «սպառնալիք է ողջ աշխարհի համար»՝ արձագանքելով ամերիկացի որոշ քաղաքական գործիչների և մեկնաբանների քննադատությանը, որոնք դեմ են Իսրայելին ռազմական աջակցություն ցուցաբերելուն։
Ավելի վաղ The Wall Street Journal-ը, հղում անելով Մերձավոր Արևելքի և եվրոպական պաշտոնյաներին, հայտնել էր, որ Թեհրանը պատրաստ է բանակցությունների՝ պայմանով, որ Վաշինգտոնը չմասնակցի իսրայելական հարձակումներին։ Իրանի բարձրաստիճան ներկայացուցիչները, սակայն, հերքել են այս տեղեկությունները։