Իրանը նախատեսում է Իսրայելի դեմ «շատ մեծ» հարված, հայտնում է իրանական Fars գործակալությունը՝ հղում անելով երկրի անվտանգության ծառայության բարձրաստիճան ներկայացուցչին։ Նրա խոսքով՝ սա լինելու է պատասխան «սիոնիստական ռեժիմի ոճրագործություններին»։
Հունիսի 13-ի գիշերը Իսրայելը լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել Իրանի միջուկային օբյեկտների դեմ։ Հարվածների թիրախ են դարձել նաև բարձրաստիճան զինվորականներ և միջուկային գիտնականներ։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկիրը վճռական է վերացնել Իրանից եկող սպառնալիքը։
Ի պատասխան՝ Թեհրանը հարվածներ է հասցնում Թել Ավիվին և Իսրայելի ռազմական օբյեկտներին։ Իրանում հայտարարել են, որ հակամարտությունը շարունակվելու է առաջիկա շաբաթներին, և «պատերազմի մասշտաբները, հնարավոր է, ավելի լուրջ բնույթ ստանան»։
Միևնույն ժամանակ, իսրայելական աղբյուրների գնահատմամբ՝ գործող հակամարտության ինտենսիվության պայմաններում այն կարող է ավարտվել «մի քանի օրվա ընթացքում»։