SUMMEET ժամանակակից պարի փառատոնն ընդլայնել է աշխարհագրությունը. ԿԳՄՍՆ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ հունիսի 14-ից հուլիսի 1-ը Երևանում և Գյումրիում կանցկացվի SUMMEET ժամանակակից պարի 5-րդ միջազգային ամառային փառատոնը:


SUMMEET փառատոնի ծրագրում ամփոփված են ժամանակակից պարի, ֆիզիկական և վիզուալ թատրոնի բեմականացումներ, պերֆորմանսներ՝ ներկայացված հայկական թատրոններում, ինչպես նաև քաղաքային լանդշաֆտի արտասովոր վայրերում։ 


5-րդ փառատոնն իրականացվում է միջազգային նոր համագործակցություններով՝ ճապոնացի, հարավկորեացի, բրիտանացի, գերմանացի, ֆրանսիացի, իտալացի, ռուս և ղազախ պարուսույցների հետ:


Ընդլայնվել է փառատոնի կրթական ծրագիրը՝ ընդգրկելով Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում (Կացուրա Կան` Ճապոնիա, ACTS` Ֆրանսիա)  և Գյումրիում (Կաննոն Դանս՝ ՌԴ, Արթուր Գալիմուլին և Տոմիրիս Մետիբաևա՝ Ղազախստան) նախատեսված վարպետաց դասեր և լաբորատորիաներ:   


Փառատոնի շրջանակում Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության և Ֆրանսիական ինստիտուտի (Institut Français) աջակցությամբ կներկայացվի «PARlez français» հայ-ֆրանսիական նախագիծը: Կցուցադրվի նաև ճապոնացի հայտնի պարուսույց, «Բուտո» (Butoh) պարի ներկայացուցիչ Կացուրա Կանի վարպետաց դասերի արդյունքում ստեղծվելիք ներկայացումը: Կացուրա Կանը ներկայացնելու է նաև դասախոսություն և մենապար:  


Գերմանացի աշխարհահռչակ բեմադրիչ Մարկո Գյոկեի կողմից բեմադրված մենապարը ներկայացնելու է  Հանովերի թատրոնի մենապարուհի Լիլիթ Հակոբյանը:


Սանկտ-Պետերբուրգի «Կաննոն Դանս» պարային ընկերությունը ներկայանալու է հարավկորեացի պարուսույց Սուջոն Կիմի «Պարադոքս» ներկայացմամբ։ Պարային ընկերությունը կցուցադրի նաև Լիլիթ Հակոբյանի բեմադրած «Անսրտություն» ներկայացումը: 


Ինչպես նախորդ տարիներին, փառատոնի մեկ օրն ամբողջությամբ կնվիրվի Armenian Showcase (հայկական պարադիտում) ծրագրին, որի շրջանակում կցուցադրվեն հայ պարուսույցների և ժամանակակից պարային ընկերությունների լավագույն բեմադրությունները՝ հայ պարուսույցների, արվեստի փորձագետների քննարկմամբ և գնահատմամբ:


Այս տարի առաջին անգամ փառատոնի շրջանակում կներկայացվի SUMMEET4KIDS ծրագիրը, որի մասնակիցները կցուցադրեն ներկայացումներ Երևանում և Գյումրիում։


Փառատոնի կազմակերպիչներն են «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպությունը, Open Look ժամանակակից պարի միջազգային փառատոնի հիմնադիր Վադիմ Կասպարովը, օպերային երգիչ Հայկ Վարդանյանը և Balmanukyan Dance Project պարային ընկերությունը։


Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը փառատոնի գլխավոր գործընկերն է։