Դրամի արժևորումը պայմանավորված է նաև հանքահումքային ռեսուրսների և գյուղմթերքի արտահանման ծավալների ավելացմամբ․ տնտեսագետ
Արտահերթ ընտրություններից հետո դրամը դոլարի նկատմամբ շարունակում է արժևորվել։ Civic.am-ի հետ զրույցում տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը մեկնաբանեց, որ դոլարի փոխարժեքի անկումը պայմանավորված է հիմնականում երկու գործոններով․ «Ամեն տարի ամռանը դրամն արժևորվում է, քանի որ հավելյալ դոլարային մուտքեր են լինում տնտեսություն՝ հիմնականում զբոսաշրջության ոլորտում, ինչպես նաև դրսում բնակվող մեր հայրենակիցներն այս սեզոնին են գալիս Հայաստան իրենց բարեկամներին այցելության։ Եվ տնտեսության մեջ մեծ քանակի դոլար մտնելը նպաստում է փոխարժեքի նվազմանը։ Եթե վերջին մի քանի տարիները նայենք՝ կտեսնենք, որ հունիսից մինչև օգոստոսի վերջ, սեպտեմբերի առաջին տասնօրյակ՝ դոլարի փոխարժեքը նվազել է»։ 

Անդրադառնալով երկրորդ գործոնին՝ տնտեսագետը նշեց, որ դրամի արժևորումը պայմանավորված է նաև նրանով, որ այս տարվա մայիս ամսին արտահանման ծավալների աճ է գրանցվել, և դա վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով ակնհայտ է․

«Հանքահումքային ռեսուրսների՝ պղնձի, մոլիբդենի արտահանման ծավալն է մեծացել, այստեղ միջազգային գների բարձրացման գործոնն էլ կա, նաև որոշակիորեն գյուղմթերքի արատահանման ծավալն է ավելացել նախորդ տարվա համեմատ, երբ կորոնավիրուսի պատճառով բեռնափոխադրումների ծավալը նվազել էր։ Արտահանման ծավալների մեծացումը բերել է նրան, որ դեպի Հայաստան դոլարային հոսքը շատացել է»։ 

Նշենք, որ «Անկախ դիտորդ» ՀԿ-ն արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ ահազանգեր էր ստացել։ Այս մասին մեզ տեղեկացրել էր ՀԿ-ի համակարգող Վարդինե Գրիգորյանը՝ նշելով, որ ահազանգերը վերաբերել են որոշ ըդդիմադիր ուժերին՝ այդ թվում «Հայաստան» դաշինքին։ Վարդինե Գրիգորյանի խոսքով՝ ընտրակաշառքի թիվը եղել 70․000 դրամ և ավելի, որոշ դեպքերում էլ նշված թվից քիչ։ Այս համատեքստում հարց ուղղեցինք՝ տնտեսագետ Կառլեն Խաչատրյանին՝ նշելով, որ նաև լուրեր են պտտվում այն մասին, որ դրամն արժևորվել է պայմանավորված նախքան ընտրությունները մեծ թվով դոլար դրամով փոխանակելու հետ։

Սակայն տնտեսագետը չկիսեց այդ կարծիքը․ «Եթե նախընտրական կաշառք է՝ դա պետք է լիներ մինչև ընտրությունները, այդ ժամանակ պետք է վերածվեր դոլարը դրամի և այդ ժամանակ պետք է կուրսը նվազեր»։ 
 
Նարա Մարտիրոսյան