Փարիզի դատարանը մեղավոր է ճանաչել այն հանցախմբի առաջնորդին և յոթ անդամներին, որոնք 2016 թվականին կապել և թալանել էին միլիարդատեր, ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանին։
69-ամյա Աոմար Այթ Հեդաշը, ով համարվում է հանցագործության կազմակերպիչը, դատավճիռը լսել է էկրանի միջոցով, քանի որ հիվանդության պատճառով զրկված է լսողությունից և խոսքից։ Նա դատապարտվել է ութ տարվա ազատազրկման, որից հինգը՝ պայմանական։
Մնացած յոթ մեղադրյալները նույնպես մեղավոր են ճանաչվել հետևյալ հոդվածներով՝ կազմակերպված խմբի կազմում կողոպուտ, անձի առևանգում, ազատությունից ապօրինի զրկում, զենքի պահպանում, զինված խմբավորման մեջ հանցակցություն և հանցագործության նախապատրաստում։ Նրանց մեծ մասը դատապարտվել է ազատազրկման, որոշները՝ պայմանականորեն, բայց բոլորը ազատ կարձակվեն. պատիժն արդեն կրել էին նախնական կալանքի ժամանակ։
44-ամյա Քիմ Քարդաշյանը դատարանում չէր, բայց դատավճռից հետո հայտարարություն է արել։ «Ես խորապես շնորհակալ եմ Ֆրանսիայի իշխանություններին արդարադատության հասնելու նրանց ցանկության համար»։
Աստղը հավելել է, որ կողոպուտը «իր կյանքի ամենասարսափելի իրադարձությունն էր, որը անջնջելի հետք է թողել իր և իր ընտանիքի վրա»։ «Ես երբեք չեմ մոռանա տեղի ունեցածը, բայց ես հավատում եմ աճի և պատասխանատվության ուժին։
2016 թվականի հոկտեմբերին Քիմ Քարդաշյանին կողոպտել էին Փարիզի հյուրանոցներից մեկում, որտեղ նա մենակ էր։ Վնասի ընդհանուր գումարը կազմել է մոտ 10 միլիոն դոլար, այդ թվում՝ 4 միլիոն դոլար արժողությամբ ադամանդե մատանին, որը նրան նվիրել էր նախկին ամուսինը՝ Քանյե Ուեսթը։ Գողացված զարդերը չեն գտնվել։