Կրծողները ոչնչացնում են Ախուրյան համայնքի դաշտերում հասունացած հացահատիկի բերքը
Շիրակի մարզի մի շարք բնակավայրեր հաշվում են կրծողների պատճառած վնասները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Այգաբաց բնակավայրի  բնակիչները դիմել են համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանին՝ ահազանգելով, որ կրծողները ոչնչացնում են հացահատիկի հասունացած բերքը: Համայնքի ղեկավարի հանձնարարությամբ ստեղծվել է հանձնախումբ, որը գնահատել է վնասը:

Շրջայցի ընթացքում պարզվել է, որ 10 օրվա ընթացքում կրծողները, նախնական տվյալներով, ոչնչացրել են շուրջ 60 հեկտար ցորենի ցանքատարածքների ամբողջ բերքը, մոտ այդքան տարածք էլ մասնակի է տուժել:

Կրծողները ոչ միայն Այգաբացին են վնաս հասցրել, այլև Ախուրյան համայնքի այլ բնակավայրերին։ Հիմնականում տուժել են բարձրադիր գոտիներում գտնվող  համայնքները:

Ախուրյան համայնքի գյուղատնտեսության ու բնապահպանության բաժնի ղեկավար Հովիկ Մելքոնյանը «Արմենպրես»-ին տեղեկացրեց՝ հացահատիկի դաշտերից հետո հերթը կարտոֆիլինն է։  «Հիմա ոչ միայն ցորենի ու գարու դաշտերի խնդիրն է, այլ նաև կարտոֆիլի ու բանջարաբոստանային մյուս կուլտուրաների։ Բերքահավաքը վերջացավ, ու հիմա արդեն արտերում կեր չգտնելով` մտնելու են այնտեղ, որտեղ կեր կա»,- նշեց նա։

Կառավարությունը գյուղացիական տնտեսություններին յուրաքանչյուր հեկտար հողատարածքի համար հատկացնում է 80 գրամ մկնդեղ: Վերահսկողությունը, սակայն, արդյունավետ չէ. ավելի լայնամասշտաբ միջոցառում է պետք՝ վստահեցնում են գյուղացիները։