Քիմ Քարդաշյանը մեկնել է Փարիզ՝ իր կողոպուտի գործով ցուցմունք տալու

Փարիզում սկսվում է հայազգի ամերիկացի հայտնի աստղ Քիմ Քարդաշյանի կողոպուտի գործով դատավարությունը։


Դեպքը տեղի է ունեցել 2016 թվականին Փարիզի նորաձևության շաբաթվա ժամանակ. 10 տղամարդկանցից բաղկացած խումբը, որոնք իրենց անվանում էին grandpa robbers (կողոպտիչ պապիկներ), դահուկային դիմակներով և ոստիկանների հագուստով կապել էին Քարդաշյանին շքեղ համարում։ Նրանք խլել էին 4 միլիոն եվրո արժողությամբ նշանադրության մատանին և այլ թանկարժեք զարդեր։ Այդ մատանին Քիմին նվիրել էր նրա նախկին ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը։


Քիմը մեկնել է Փարիզ՝ մեղադրյալների դեմ ցուցմունք տալու համար։ Դատավարությունը կտևի գրեթե մեկ ամիս։ Քարդաշյանի փաստաբանական թիմը հայտարարել է, որ մեկնաբանություններ չեն տա մինչև դատավարության ավարտը։



«Տիկին Քարդաշյանը ներկայումս իր ցուցմունքը պահում է դատարանի և ատենակալների համար։ Նա ցանկանում է, որ դատավարությունն անցկացվի կազմակերպված՝ ֆրանսիական օրենսդրությանը համապատասխան և գործով բոլոր կողմերի նկատմամբ հարգանքով»,- հայտարարել են փաստաբանները


Դատարանի առջև կկանգնի 10 մարդ, սակայն նրանցից մեկը՝ 72-ամյա Մարսո Բաում-Գերտները, մահացել է անցյալ ամիս։ Այնուամենայնիվ, հինգ անձի մեղադրանք է առաջադրվել զինված կողոպուտի և մարդու առևանգման համար։ Մնացածը մեղադրվում են կողոպուտին մասնակցության կամ զենքի ապօրինի պահման մեջ։


Մեղադրյալներից մեկը՝ 71-ամյա Յունիս Աբբասը, խոստովանել է իր մասնակցությունը կողոպուտին։ Նա ֆրանսիական TF1 հեռուստաալիքին ասել է, որ լինելով թոշակառու՝ դժվարությամբ է ծայրը ծայրին հասցնում՝ իր աշխատանքային կյանքի 20 տարին բանտում անցկացնելուց հետո։


Քարդաշյանի կողոպուտը տեղի է ունեցել 2016 թվականի հոկտեմբերի 3-ի գիշերը Փարիզի 9-րդ շրջանի ոչ մեծ մասնավոր հյուրանոցում։