ԵԱՏՄ-ն քննարկում է Պակիստանի հետ ազատ առևտրի համաձայնագիրը. Օվերչուկ

Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) քննարկում է Պակիստանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի կնքման հնարավորությունը, սկզբնական փուլում են գտնվում այդ թեմայի շուրջ բանակցությունները Հնդկաստանի հետ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Դաշնային խորհրդում կայացած կառավարության ժամին։


 «Առաջին հերթին մեր գործողություններն ուղղված են Մեծ Եվրասիայի տարածքում առևտրի պայմանների բարելավմանը, որտեղ ԵԱՏՄ-ն արդեն համապատասխան համաձայնագրեր ունի Վիետնամի, Սերբիայի և Իրանի հետ: Այդ երկրների ընդհանուր շուկան կազմում է մոտավորապես 190 միլիոն մարդ: Մինչև ընթացիկ տարվա վերջը կարող են կնքվել համաձայնագրեր, որոնք մեր արտաքին շուկան կհասցնեն 481 միլիոնի: Սկզբնական փուլում են գտնվում բանակցությունները Հնդկաստանի հետ, քննարկում ենք  ազատ առևտրի համաձայնագրի կնքման հնարավորությունը Պակիստանի հետ», - ասել է նա։


 Օվերչուկը հիշեցրել է, որ ԱՊՀ շրջանակներում արդեն գործում է ապրանքների ազատ առևտրի գոտի, իսկ 2023 թվականին ստորագրվել է ծառայությունների ազատ առևտրի և ներդրումների իրականացման համաձայնագիրը։