Իրավական գործընթացները կապել իմ անվան հետ, ոչ միայն անտրամաբանական է, այլ սխալ հաշվարկի արդյունք․ Սարիկ Մինասյան

Գյումրիի ՏԻՄ ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող, Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․


Գյումրիում տեղի ունեցող իրավական գործընթացները կապել իմ անվան հետ, ոչ միայն անտրամաբանական է, այլ սխալ հաշվարկի արդյունք:


Քաղաքական պրոցեսները Հայաստանի Հանրապետությունում 2018-ից սկսած չեն միահյուսվում իրավական քայլերի հետ, առավել ևս կապ չունեն իմ անձի և մերձավորների հետ:


Պաշտոնապես և պատասխանատու հայտարարում եմ՝ ձեր բոլոր շահարկումներն անհիմն են և անտեղի, դրանք նպատակ ունեն գյումրեցիներին մոլորության մեջ գցել, շեղել բուն ընտրական գործընթացից:


Այս ընտրապայքարում ես բացարձակ առաջատար եմ: Մենք ունենք վաստակած վստահություն, հարգանք և պատիվ:


Այս ընտրությունները մեզ համար մեր ծառայությունը շարունակելու բնականոն ընթացքի մասին են` մեր որդեգրած սկզբունքներով և քաղաքի շենացման մեր հստակ ծրագրով: