Գևորգ Պապոյանն այցելել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 7-ին այցելել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։ Ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։


Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել կրթական կենտրոնում, ծանոթացել կենտրոնի պայմաններին ու հնարավորություններին, աշխատանքային ուղղություններին և նախաձեռնություններին:


Հայաստանում ստեղծված ցանցն արդեն դարձել է միջազգային՝ Երևանում, Դիլիջանում, Գյումրիում, Եղեգնաձորում, Կապանում և Կողբում գործող կենտրոններից բացի Թումոներ կան Փարիզում, Բեռլինում, Լիոնում, Մանհեյմում, Կոիմբրայում, Տիրանայում, Լիսաբոնում, շուտով կբացվի Լոս Անջելեսի կենտրոնը։


Կենտրոնի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը նախարարին է ներկայացրել գործող Թումո կենտրոնների և տուփերի առանձնահատկությունները, պատմել միջազգային կենտրոնների, Թումոյի մի շարք նախաձեռնությունների մասին:


Թումոյի կրթությունն այժմ հասանելի է Հայաստանի 25,000 պատանու, սակայն նպատակն է հնարավորություն տալ շաբաթական 80,000 պատանու Հայաստանի բոլոր անկյուններում ստանալ նորարարական կրթություն:


Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կրթական ծրագիր է, որը պատանիների համար ստեղծում է ուսումնական փորձառություններ՝ լայն մասշտաբով: Հիմնադրվելով Հայաստանում և ընդլայնվելով ամբողջ աշխարհում՝ Թումոյի կրթական մոդելը համատեղում է ինքնուսուցումը գործնական դասընթացների և աշխատարանների հետ և նախապատրաստում է պատանիներին արագ զարգացող աշխարհի մարտահրավերներին։