Փետրվարի 5-ին զինված հարձակում էր տեղի ունեցել Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան վրա։ Միջադեպի ժամանակ սպանվել էր Ախտոյանի հորաքրոջ 29-ամյա որդին՝ Գրիգոր Օհանյանը։ Եվս մեկ անձ ստացել է մարմնական վիրավորում։ Դեպքի առնչությամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, 9 անձի մեղադրանք է առաջադրվել։ Նրանցից երեքը կալանավորվել են, մյուս երեքի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։
Ովքե՞ր են եղել Մհեր Ախտոյանի
տան վրա հարձակվողները, և ի՞նչն է նրանց դրդել դրան։ Civic.am-ը զրուցել է Մհեր Ախտոյանի
հետ։ Վերջինս մեզ ասաց, որ չի ուզում առաջ ընկնել ու նախաքննական հնարավոր գաղտնիքներ
հրապարակել կամ վնասել գործի քննությանը, այդ պատճառով չի ուզում դետալների մեջ շատ
խորանալ։ Մհեր Ախտոյանն ասաց, որ դեպքի ժամանակ ինքը, հորաքրոջ տղան, նրա եղբայրը մի
քանի ընկերներով գտնվել են իրենց տանը։ Նա նշեց, որ մինչ տան վրա հարձակումը եղել է
միջադեպ գյուղի երիտասարդների միջև, որին, սակայն, իրենք չեն մասնակցել։ Տեղեկացել
են վիճաբանության մասնակիցներից, նախատել վերջիններիս, թե նույն գյուղի տղաներ եք,
հաշտվեք։ Ո՛չ սպանվողը, ո՛չ ինքը կամ իր հարազատները այդ վիճաբանության մասնակից չեն
եղել։
- Գյուղի երիտասարդները իրար մեջ խնդիր
են ունեցել, հետո եկել են մեր տուն՝ հորաքրոջս սպանված տղայի ծնունդն էր նախորդ օրը,
որը եղբոր հետ մեր տանն էր, երիտասարդները եկել էին շնորհավորելու, նաև ասացին միջադեպի մասին։
Թե՛ ես, թե՛ ընկերներս նախատեցինք, ասացինք՝ գնացեք ձեր հարցերը խաղաղ ճանապարհով պարզեք։
Դրանից ժամ, ժամուկես հետո ձայներ ենք լսում,
շուխուր։ Ուզեցի դուրս գամ, թե՛ սպանվողը, թե՛ ընկերներս, հասկանալով իրավիճակը, թույլ
չտվեցին դուրս գալ, ասացին՝ դու վարչական ղեկավար ես, մի մասնակցիր սրան։ Դուրս են
գալիս, որից հետո տեղի են ունենում ձեզ հայտնի դեպքերը։
- Ովքե՞ր էին հարձակվողները, ի՞նչ
նպատակ էին հետապնդում։
- Էս պահին չեմ ուզում անուններ շեշտել։
Տեսանյութում երևում է՝ ովքեր են եղել։ Նախաքննությունը կպարզի նպատակները։ Ինձ համար
աբսուրդ է, որ եթե մինչ այդ միջադեպ է եղել երիտասարդների միջև, իրար հարվածել են,
քաշքշել, կարելի է դրանից հետո ավտոմատներով, պիստալետով հարձակվել ու մարդ սպանել,
մյուսին էլ վիրավորել, որի կյանքը երկու վիրահատությունից հետո, փառք Աստծո, փրկվել
է։
Մհեր Ախտոյանը, անդրադառնալով շահարկումներին,
թե ինչու ինքը դուրս չի եկել, նշեց, որ դուրս չի եկել ընկերների, հարազատների հորդորով
ու չի պատկերացրել, որ տան վրա հարձակված ամբոխը կարող է զենք կիրառել։ «Եթե իմանայի, որ ախպերս կզոհվի, ամենաառաջինը դուրս կվազեի, կիզակետում
կլինեի։ Օրիգինալ տեսանյութում երևում է, որ կրակոցներից հետո դուրս եմ եկել»,- ասաց
նա։
Ախտոյանի դիտարկմամբ՝ այս թեման շահարկողները
ցանկանում էին, որ ինքը անպայման դուրս գար, որպեսզի հարձակվողները հասնեին իրենց նպատակին։
- Էդ տեսահոլովակը եղբորս կողմից
ոչ թե նկարվում էր, որ քցվեր սայթ, ինչպես հիմա ասվում է, այլ, ինչպես օրիգինալ տեսանյութի
մեջ է լսվում, ասում եմ՝ որպեսզի վաղը տեսնեմ, թե ովքեր են եղել տանս վրա հարձակվողները,
տեսնեմ՝ ովքե՞ր են իմ թշնամիները։ Նկարել ենք, որովհետև տան դիմաց դրված տեսախցիկը
չէր աշխատում։ Երևի հարձակվողներն էլ են իմացել, որ չի նկարում, դրա համար են ավտոմատներով,
առանց դիմակների եկել։ Նկարել եմ, որ վաղը գյուղում տեսնեմ տանս վրա հարձակվողին, հարցնեմ՝
ինչի՞ էիր եկել, ու չկարողանա ասել՝ ես չեմ եղել։ Հետո տեսանյութը հայտնվում է իրավապահների
մոտ, որից հետո հայտնվում է սայթերում։ Մենք չենք հրապարակել։ Նորից եմ ասում՝ ես չեմ
պատկերացրել, որ կկրակեն, մարդ կզոհվի, թե չէ կիզակետում կլինեի։ Մերձավանում բոլորը
գիտեն իմ թասիբի մասին, գիտեն, որ իմ ընկերներին երբեք մենակ չեմ թողել։
- Դրսի ձայները լսե՞լ եք։ Լսե՞լ եք, որ ասեն՝ Մհեր, դուրս արի, կամ
այլ կոչեր։
- Ես չեմ լսել, բայց դրսում գտնվածները, որոնք գործով վկա են, լսել
են։ Ներկաները բոլորը ասում են, որ հարձակվողները ուզում էին տուն մտնել։ Իրենց ասելով
եմ ասում։
Վարչական ղեկավարը նկատեց, որ միջադեպին
նախորդած վիճաբանությանը մասնակցած երիտասարդներից ոչ մեկը այդ տանը չի եղել։ Հետևաբար տարակուսելի է, թե ինչո՞ւ էին զենքերով հարձակվել
իր տան վրա, եթե պատճառը եղել է այդ վիճաբանությունը։
- Նախկինում հարձակվողների հետ թշնամանք,
հակասություններ եղե՞լ են։
- Թշնամանք չի եղել։ Եղել է տեսակետների տարբերություն։ Կյանքում չեմ մտածել, որ կա մերձավանցի,
կա տեսակ, որ նույն գյուղում ծնվել-մեծանալով, այստեղ ապրելով՝ թեկուզ տարիքային տարբերությամբ,
կարող է հարձակվել իմ տան վրա։ Ինձ համար էս պահին ամենակարևորը էս համայնքի խաղաղությունն
է։ Մարդիկ կան՝ շեշտում են համերաշխության
մասին։ Համերաշխություն չի կարող լինել ընտրություններով, ստատուսներով։ Համերաշխություն
լինելու է, երբ միջադեպի մասնակիցները, բոլոր հանցագործները արդար դատաստանի արժանանան։
- «Ապրելու երկրից» Վոլոդյա Գրիգորյանն
էր խոսում այդ մասին, նշում էր, թե շահարկվում է իր անունը, քաղաքականացվում և այլն։
Իր հետ ի՞նչ խնդիր, առնչություն կա։
- Մարդ է սպանվել, իսկ ինքը շահարկում
է ընտրությունների թեման, ասում է՝ համերաշխությունը ընտրություններով կվերականգնվի։ Ես նման տեսակին
չեմ ուզում անդրադառնալ։ Ովքեր մասնակցել են, ովքեր հրահրել են, պետք է պատասխան տան։
Պետք է օրենքի ողջ ուժով պատասխանատվության ենթարկվեն։
- Վոլոդյա Գրիգորյանի եղբայրն էլ
է կալանավորված։ Ինքը ի՞նչ առնչություն ունի։ Ի՞նքն է եղել կրակողը, թե՞ միայն հարձակվողների
թվում է եղել։
- Թող քննությունը պարզի։ Չեմ ուզում
մանրամասներ ասել, նամանավանդ, որ այս պահին դեռ չեմ էլ հարցաքննվել։ Մեր միակ նպատակն
է՝ գյուղում խաղաղությունը վերականգնվի ու մեղավորները բոլորը պատժվեն։
Վովա Հակոբյան