ՀԱՊԿ-ի նկատմամբ Երևանի կուտակած հարցերի փոխզիջումային հանգուցալուծումները կարելի է գտնել դաշնակիցների շրջանում բանակցությունների միջոցով: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Մեր ուժերի մեջ է ՀԱՊԿ մեր դաշնակիցների շրջանում նստել բանակցային սեղանի շուրջ և միասին, գործընկերային ձևով փոխզիջումային հանգուցալուծումներ գտնել կուտակված բոլոր հարցերի համար: Ընդ որում, այս հարցերում ինքնիշխան ընտրությունը մեր հայ գործընկերներինն է»,- ասել է Կոպիրկինը՝ պատասխանելով հարցին, թե որքանով է
հավանական, որ Երևանը վերջնականապես դուրս կգա ՀԱՊԿ-ից, և ինչ հետևանքներ դա կարող է ունենալ:
Դիվանագետի խոսքով՝ Հայաստանի անվտանգության ապահովման մեխանիզմ, որը կլինի ՀԱՊԿ-ին այլընտրանք, տարածաշրջանում չկա։
«Դիվանագետի մասնագիտությունը
չի ենթադրում սուրճի մրուրի գուշակություն: Մեր համոզմամբ՝ այս պահին տարածաշրջանում չկա Հայաստանի անվտանգությունն
ու պաշտպանունակությունն ապահովող այլընտրանքային հուսալի մեխանիզմ: Հուսով ենք,
որ Երևանը դա լավ է հասկանում»,- ասել է Սերգեյ Կոպիրկինը: