«Սերտ ռազմավարական գործընկերությունը համապատասխանում է ՀՀ-ի և ՌԴ-ի արմատական շահերին». Կոպիրկին

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հաստատել է ռուսական կողմի վճռականությունը՝ օգնելու Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը։


Նրա խոսքով՝ հայ-ռուսական երկկողմ երկխոսության օրակարգում Մոսկվան առաջնահերթ ուշադրություն է դարձնում տարածաշրջանային անվտանգության խնդիրներին։


 «Ռուսաստանը լի է վճռականությամբ՝ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու համար՝ 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների զարգացման բոլոր ուղղություններում, այդ թվում՝ հավասարակշռված և փոխընդունելի խաղաղության պայմանագրի դրույթների մշակման, սահմանների սահմանազատման ու սահմանագծման և հաղորդակցությունների ապաարգելափակման հարցերում»,- հայտարարել է Կոպիրկինը՝ ելույթ ունենալով ՌԴ Դիվանագիտական աշխատողի օրվա կապակցությամբ ընդունելությանը: 


Նրա խոսքով՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները հարմարվում են տարածաշրջանում և աշխարհում նոր իրողություններին, սակայն առանցքային տարրը մնում է երկու կողմերի համոզմունքը առ այն, որ սերտ ռազմավարական գործընկերությունը համապատասխանում է երկու երկրների և եղբայրական ժողովուրդների արմատական շահերին։ Կոպիրկինը նշել է, որ այս տրամադրվածությունը հաստատել են Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի բանակցությունները, որ տեղի են ունեցել հունվարի 21-ին Մոսկվայում։


«Մեր հարաբերությունների կարևոր մաս են մնում մշակութային-հումանիտար կապերը, փոխգործակցությունը կրթության ոլորտում, միջանձնային շփումները, որոնցում մեծ դեր են խաղում հայրենակիցների կազմակերպությունները»,- հայտարարել է Կոպիրկինը։