Ակնհայտ է, որ սա չի կարող լինել պատահականություն, և կազմակերպված է Հայաստանի թշնամիների, հակառակորդների կողմից. Ավետ Պողոսյան

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Ավետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


Վերջին օրերին առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող մի քանի «լուր» հայտնվեց լրահոսում, որոնք առանձին-առանձին դիտարկվելու դեպքում կարող են անհեթեթ թվալ, երբեմն նույնիսկ ծիծաղելի, բայց ընդհանուր կոնտեքստում հստակ մեդիա տեռորի, ընդհուպ հիբրիդային հարձակման կոմպոնենտներ են:


- Երևանի կենտրոնում երգող ադրբեջանցիներ,


- Անձնագրայինն իբր մերժել է նույնականացման քարտ տրամադրել տղամարդուն՝ Արարատի պատկերով ստարգրություն ունենալու պատճառով,


- Հայաստան ներթափանցած, բայց առ այսօր չհայտնբերված թուրքեր,


- Վարչապետի հանդիպումը ԱՄՆ փոխնախագահի հետ կազմակերպել է Թուրքիայի դեսպանը:


Վստահաբար կան նաև այլ նմանաբովանդակ ֆեյք կամ կիսաֆեյք «լուրեր», որոնք ուշադրությունիցս վրիպել են:


Այս ամենի նպատակը պարզ է՝ ստեղծել անպաշտպանության, քաոսի, պետական մարմինների չգոյության, թուլության կամ ոչ կոմպետենտության, և, որպես հանրագումար, Հայաստանի՝ որպես թույլ, մարտահրավերներին դիմագրավելուն անկարող, այլ երկրների ճնշումներին տրվող պետության պատրանք:


Ակնհայտ է, որ սա չի կարող լինել պատահականություն, և կազմակերպված է Հայաստանի թշնամիների, հակառակորդների կողմից: Եվ հարցը հետևյալն է՝ արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունը ունի Հայաստանի հանրությանը մեդիա տեռորից զերծ պահելու և իրական քաղաքական օրակարգային հարցերն առաջին պլան բերելու բավարար գործիքակազմ:


Ակնհայտ է, որ առկա գործիքակազմը բավարար չէ, և տեղեկատվական անվտանգության ապահովման ուղղությամբ լրջագույն աշխատանքներ տանելու կարիք կա՝ երկու հիմնական ուղղությամբ.


- Ժամանակակից մեդիայի առանձնահատկություններին համապատասխան կարգավորումների մշակում և իմպլեմենտացիա,


- Հասարակության մեդիագրագիտության բարձրացում՝ սկսված ընդհուպ մանկապարտեզից: