Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Պավլոս Մարինակիսը հայտարարել է, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթում Հունաստանի կողմից ընտրված «Աստերոմատա» երգը չի պարունակում ո՛չ քաղաքական ենթատեքստ, ո՛չ էլ որևէ մեկի հասցեին վիրավորական արտահայտություններ, և չի հիշատակում պատմական իրադարձությունները։
Լրագրողները մամուլի քարտուղարին խնդրել են մեկնաբանել «Եվրատեսիլին» բողոք հայտնելու Թուրքիայի մտադրությունը, եթե «Աստերոմատա» երգը նվիրված է Պոնտոսի հույների ցեղասպանությանը:
««Եվրատեսիլի» թեկնածու երգերի առաջադրման և ընտրության գործընթացը որևէ կապ չունի քաղաքական նկատառումների հետ։ Այս գործընթացում կշիռ ունի հանրային քվեարկությունը, և մենք խոսում ենք երաժշտական գործընթացի, երաժշտական, այլ ոչ թե քաղաքական մրցակցության մասին։ Ժյուրիի և հանրության կողմից ընտրված երգի բառերը որևէ մեկի հասցեին վիրավորական արտահայտություններ չեն պարունակում և չեն հիշատակում պատմական իրադարձությունները: Կարծում եմ՝ պարզ է»- ասել է Մարինակիսը։
Նա ավելացրել է, որ ամեն դեպքում, անկախ «Եվրատեսիլից» և այս կոնկրետ երգից, պատմությունը փաստագրված է և չի կարող կասկածի տակ դրվել։
Կառավարության ներկայացուցիչը հաջողություն է մաղթել հույն կատարողին։
Հունաստանը ցեղասպանության մասին երգ կներկայացնի «Եվրատեսիլ 2025»–ում