«Որտե՞ղ է այժմ գտնվում գեներալ Սուրովիկինը, Պուտինը շարունակո՞ւմ է վստահել նրան». Պեսկովը չի պատասխանել լրագրողների այս հարցերին
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի պատասխանել հարցին, թե ինչ է կատարվում Ուկրաինայում ռուսական զորքերի միացյալ խմբի հրամանատարի տեղակալ Սերգեյ Սուրովիկինի հետ։ Կրեմլի ներկայացուցիչը լրագրողներին խորհուրդ է տվել դիմել ՌԴ պաշտպանության նախարարությանը, հաղորդում է ռադիո «Մայակը»։
Լրագրողները Պեսկովին խնդրել են «պարզաբանել» իրավիճակը՝ կապված գեներալ Սուրովիկինի հետ, որին կալանավորելու մասին լուրեր էին հայտնվել հունիսի 28-ին։
«Ոչ, ցավոք, ոչ (չեմ կարող պարզաբանել): Ես ձեզ խորհուրդ եմ տալիս դիմել պաշտպանության նախարարությանը, դա նախարարության իրավասությունն է»,- ասել է Պեսկովը։
Ճշտող հարցին՝ որտե՞ղ է այժմ գտնվում Սուրովիկինը, և հաստատվո՞ւմ են արդյոք նրա կալանքի մասին տեղեկությունները, Պեսկովն ասել է. «Այստեղ ավելացնելու ոչինչ չունեմ բացի նրանից, ինչ արդեն ասացի այս թեմայով»։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարին նաև հարցրել են, թե արդյոք Վլադիմիր Պուտինը շարունակո՞ւմ է վստահել Սուրովիկինին։
«Այստեղ խոսքն այն մասին է, որ նա (Պուտինը) գերագույն գլխավոր հրամանատարն է, և նա աշխատում է պաշտպանության նախարարի, Գլխավոր շտաբի պետի հետ։ Ինչ վերաբերում է նախարարության ներսում կառուցվածքային ստորաբաժանումներին, խնդրում եմ դիմել նախարարությանը»,- պատասխանել է Պեսկովը։