Շվեդիայում այրել են Ղուրանը. ՌԴ Պետդուման Շվեդիայի իշխանությունների գործողությունները դատապարտող հայտարարություն է ընդունել
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
ՌԴ Պետդուման այսօր կայացած լիագումար նիստում հայտարարություն է ընդունել, որով դատապարտում է Շվեդիայի իշխանությունների գործողությունները, որոնք թույլ են տվել այրել Ղուրանը մուսուլմանական «Կուրբան-Բայրամ» տոնին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հունիսի 28-ին Ստոկհոլմի կենտրոնում՝ Մեդբորյարպլացեն հրապարակում, Ղուրանի այրման ակցիա է անցկացվել։ Դրա կազմակերպիչ, Իրաքից 37-ամյա ներգաղթյալ Սալվան Մոմիկան պոկել է մուսուլմանների սուրբ գրքի էջերը և հրկիզել այն։ Այրելուց առաջ նա խոզի բեկոն է դրել գրքի օրինակի վրա, ինչը հատկապես վիրավորական ժեստ է հավատացյալների համար:
«Պետդումայի պատգամավորները խստորեն դատապարտում են Շվեդիայի իշխանությունների կողմից հերթական անգամ հավանության արժանացած վանդալիզմը և նրանց կոչ են անում միջոցներ ձեռնարկել՝ թույլ չտալու համար մուսուլմանների իրավունքների խախտումները և մուսուլմանների կրոնական զգացմունքների վիրավորումը»,- ասված է հայտարարության մեջ։
Տեքստում նշվում է, որ նման գործողությունները «նախադրյալներ են ստեղծում ծայրահեղական դրսևորումների համար, կոպտորեն խախտում են Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության նպատակներն ու սկզբունքները»։