«Մուսուլմանները ուս ուսի տված պաշտպանում են Ռուսաստանը». Պուտինը շնորհավորել է նրանց Կուրբան Բայրամի կապակցությամբ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի մուսուլմաններին Կուրբան Բայրամ տոնի կապակցությամբ՝ նշելով հատուկ ռազմական գործողության ընթացքում մուսուլման զինյալների անձնուրացությունը, խիզախությունն ու արիությունը։ Հեռագիրը հրապարակվել է այսօր Կրեմլի կայքում։

«Ռուսաստանի մուսուլմանական համայնքը մեծ, ստեղծագործ դեր է խաղում երկրի կյանքում, զգալի ներդրում ունի ազգամիջյան և միջկրոնական խաղաղության ամրապնդման, ընտանեկան արժեքների պահպանման, մատաղ սերնդի դաստիարակման գործում,- ընդգծել է նա։- Այսօր հենվելով մեր նախնիների պատմական, հոգևոր, հայրենասիրական ավանդույթների վրա՝ հատուկ ռազմական գործողության ժամանակ մուսուլման զինյալները ցուցաբերում են անձնուրացություն, խիզախություն և արիություն: Նրանք իրենց ընկերների հետ ուս ուսի տված պաշտպանում են Ռուսաստանը»: 

Պուտինը նշել է, որ Կուրբան Բայրամ տոնը, որը նշանավորում է իսլամի սրբավայրեր ուխտագնացության ավարտը, ունի խորը բարոյական և հոգևոր իմաստ։ Նա առողջություն և հաջողություններ է մաղթել Ռուսաստանի մուսուլմաններին։