Ռուսաստանը հրթիռակոծել է Ուկրաինայի Կրամատորսկ քաղաքը, ինչի հետևանքով զոհվել է ութ մարդ, այդ թվում՝ երեք երեխա։
Ուկրաինայի գլխավոր դատախազ Անդրեյ Կոստինը հստակեցրել է հրթիռային հարձակման հետևանքով զոհվածների և վիրավորների տվյալները: Նրա տեղեկություններով՝ արդեն 60 վիրավոր կա (ՆԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր 56-ի մասին), զոհվածների թվում են երեք անչափահաս աղջիկներ՝ մեկը 17 տարեկան և 14 տարեկան երկու քույրեր։
«Փրկարարական աշխատանքները շարունակվում են: Բացառված չէ, որ փլատակների տակ մարդիկ լինեն»,- ասվում է գլխավոր դատախազության գրասենյակի հաղորդագրության մեջ։
Դատախազությունը հստակեցրել է նաև, որ քաղաքը գնդակոծվել է ոչ թե S-300 զենիթահրթիռային համակարգով, ինչպես ավելի վաղ հայտնել էին Ուկրաինայի իշխանությունները, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Զելենսկին, այլ երկու «Իսկանդեր» հրթիռներով։ Դոնեցկի մարզի դատախազության կողմից նախաքննություն է սկսվել պատերազմի օրենքներն ու ավանդույթները խախտելու հոդվածով։