Պրիգոժինի ինքնաթիռը լքել է Բելառուսը և ուղևորվել դեպի Մոսկվա. «Բելառուսական գայուն»
Embraer Legacy 600 մասնավոր ինքնաթիռը (RA-02795 կողային համարանիշով), որից, ինչպես համարվում է, օգտվում է գործարար և «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը, հունիսի 27-ի երեկոյան լքել է Մինսկի մերձակայքում գտնվող Մաչուլիշչի ռազմական օդանավակայանը։

Ինչպես հաղորդել է «Բելառուսական գայուն» մոնիտորինգային խումբը, բիզնես-ջեթը թռչել է տեղական ժամանակով ժամը 22:39-ին և ուղևորվել դեպի Ռուսաստան։ Խմբի գնահատականներով՝ Պրիգոժինի ինքնաթիռը Մաչուլիշչիում մնացել է 14 ժամ 59 րոպե։ FlightRadar24 ծառայության տվյալներով՝ Պրիգոժինի ինքնաթիռը հատել է Բելառուսի և Ռուսաստանի սահմանը և շարժվում է դեպի Մոսկվա։ Թռչելով Մոսկվայի մարզի վրայով՝ ինքնաթիռն անջատել է տրանսպոնդերները։ 

Օդանավակայանից, բացի Պրիգոժինի ինքնաթիռից, թռչել է նաև երկրորդ բիզնես-ջեթը՝ RA-02878 կողային համարանիշով, որը Մաչուլիշչի է ժամանել հունիսի 27-ի առավոտյան Սանկտ Պետերբուրգից։ Այս ինքնաթիռը, FlightRadar24-ի տվյալներից դատելով, նույնպես հատել է սահմանը և ուղևորվում է Սանկտ Պետերբուրգ։