ՌԴ-ում քաղաքացիական պատերազմը փաստացի կանգնեցրել են զինվորականներն ու ուժայինները. Պուտին
Զինծառայողներն ու հատուկ ծառայությունների աշխատակիցները, որոնք դիմակայել են հունիսի 24-ին ապստամբության փորձին, փաստացի կանգնեցրել են քաղաքացիական պատերազմը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Դուք պաշտպանեցիք սահմանադրական կարգը, մեր քաղաքացիների կյանքը, անվտանգությունն ու ազատությունը, փրկեցիք մեր հայրենիքը ցնցումներից, փաստացի կանգնեցրիք քաղաքացիական պատերազմը»,- ասել է նա՝ դիմելով ՊՆ ստորաբաժանումներին, Ազգային գվարդիային, ԱԴԾ-ին, ՆԳՆ-ին և Պահպանության ազգային ծառայությանը, որոնք մասնակցել են հունիսի 24-ի ապստամբության փորձը ճնշելուն։ 

Պուտինի խոսքով՝ զինծառայողներն ու հատուկ ծառայությունների աշխատակիցները «իրենց ընկերների հետ միասին կանգնեցին խռովությունների ճանապարհին, որի արդյունքն անխուսափելիորեն լինելու էր քաոսը»։ 

«Դժվար իրավիճակում դուք գործեցիք հստակ, ներդաշնակ, գործով ապացուցեցիք ձեր հավատարմությունը Ռուսաստանի ժողովրդին և զինվորական երդումով, դրսևորեցիք պատասխանատվություն հայրենիքի ճակատագրի և նրա ապագայի համար»,- հավելել է նա։