Եթե Ռուսաստանը փլուզվի, մենք կմնանք փլատակների տակ, բոլորս կմեռնենք․ Բելառուսի նախագահ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ եթե Ռուսաստանը փլուզվի, ապա աղետալի հետևանքները կազդեն բոլորի վրա։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» ռուսական լրատվականը։ 

Բելառուսի ղեկավարը այսօր՝ հունիսի 27-ին, բարձրագույն սպաներին ուսադիրներ հանձնելով մեկնաբանել է Ռուսաստանի Դաշնությունում ապստամբության փորձի հետ կապված իրավիճակը։

«Իմ դիրքորոշումն այն է, որ եթե Ռուսաստանը փլուզվի, մենք կմնանք փլատակների տակ, բոլորս կմեռնենք», - սա մեջբերում է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատել Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի ջանքերը՝ ուղղված Ռուսաստանում իրավիճակի կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ավելի վաղ խնդրել էր ոչ մեկին հերոս չանվանել՝ ոչ իրեն, ոչ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ոչ էլ Եվգենի Պրիգոժինին՝ Ռուսաստանում ապստամբության փորձի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծմամբ պայմանավորված։

Հիշեցնենք, որ «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության զինված անձանց տեղաշարժը ՌԴ տարածքում դադարեցվեց այն բանից հետո, երբ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ նախագահի հետ համաձայնեցված բանակցություններ վարեց «Վագներ» խմբի վերահսկող Եվգենի Պրիգոժինի հետ՝ նրան առաջարկելով ՌԴ-ին լքել և մեկնել Բալառուս։

ՌԴ ՊՆ-ից էլ այսօր տեղեկացրել են, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում Վագներ մասնավոր ռազմական կազմակերպության  ծանր զինտեխնիկան ՌԴ ՊՆ զինված ուժերի ստորաբաժանումներին փոխանցելու համար։