Մոսկվայում և Մոսկվայի մարզում այսօրվանից հանվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմը
Հակաահաբեկչական գործողության ռեժիմը, որ հայտարարվել էր Մոսկվայում և Մերձմոսկվայում Եվգենի Պրիգոժինի խռովության պատճառով, հանվել է, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով ԱԴԾ տարածաշրջանային վարչությանը։

Ռուսաստանի ԱԴԾ՝ Մոսկվա քաղաքի և Մերձմոսկվայի վարչության ղեկավարը որոշել է չեղարկել հակաահաբեկչական գործողության իրավական ռեժիմը Մոսկվայի և Մոսկվայի մարզի տարածքում 2023 թվականի հունիսի 26-ին ժամը 09:00-ից:

Մոսկովյան տարածաշրջանի տարածքում գործող ժամանակավոր սահմանափակումները չեղարկվել են, հայտնում է հատուկ ծառայությունը։

Ինչպես հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, քաղաքում բոլոր սահմանափակումները՝ կապված հակաահաբեկչական գործողության ռեժիմի հետ, չեղարկվել են։ Դպրոցների շրջանավարտների վերջին դասը, որը պետք է տեղի ունենար հունիսի 24-ին, տեղի կունենա հուլիսի 1-ին, հավելել է Սոբյանինը և շնորհակալություն հայտնել մոսկվացիներին «հանգստության և ըմբռնման համար»։