Եվրոպայի խորհրդի ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի մարմինը՝ ECRI-ն, այսօր հրապարակած իր զեկույցում նշել է, որ Ադրբեջանում պահպանվում է Հայաստանի դեմ համառ թշնամական նարատիվը, որի արմատները տարածվում են Լեռնային Ղարաբաղի հետ կապված ձգձգվող հակամարտության և դիմակայությունների համատեքստում:
«Հանրային դիսկուրսը բնութագրվում է քաղաքական գործիչների, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակի, և այլ հասարակական գործիչների հրապարակային հայտարարություններում սադրիչ հռետորաբանության օգտագործմամբ, ինչպես նաև ավանդական և սոցիալական ցանցերում ատելության կոնտենտի լայն տարածմամբ»,- ասվում է զեկույցում։
ECRI-ն կիսում է այլ միջազգային կառույցների կողմից արտահայտված խիստ մտահոգությունները հասարակական վայրերում ատելության խոսքի կիրառման վերաբերյալ: Ուստի Ադրբեջանի իշխանությունները պետք է ուժեղացնեն ատելության բորբոքման դեմ իրենց միջոցները՝ ստեղծելով միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ ռասիզմին արդյունավետ հակազդելու համապարփակ ռազմավարություն մշակելու համար, ասվում է զեկույցում։