Ռուսական իշխանությունները հրաժարվել են ՄԱԿ-ի ներկայացուցիչներին հասանելիություն տրամադրել Խերսոնի մարզի Ռուսաստանի կողմից վերահսկվող տարածքներ, որոնք հեղեղվել են Կախովսկայա ՀԷԿ-ի ամբարտակի ոչնչացումից հետո։ Այս մասին հայտարարել են ՄԱԿ-ում։
«Ռուսաստանի Դաշնության կառավարությունը առայժմ մերժել է իր ժամանակավոր ռազմական վերահսկողության տակ գտնվող տարածքներ մուտք գործելու մեր դիմումը: ՄԱԿ-ը կշարունակի աշխատել անհրաժեշտ հասանելիության ձեռք բերման ուղղությամբ։ Մենք Ռուսաստանի իշխանություններին կոչ ենք անում գործել իր ստանձնած պարտավորությունների համաձայն՝ միջազգային մարդասիրական իրավունքի համապատասխան»,- ասվում է Ուկրաինայում ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով համակարգող Դենիզ Բրաունի հայտարարության մեջ: Բրաունն ընդգծել է, որ «չի կարելի հրաժարվել օգնության տրամադրումից մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն»։