Ֆրանսիան Հայաստանի կողքին է արդարացի խաղաղության հասնելու համար. Կոլոնա
Ոչ մի երկիր այնքան ջանքեր չի գործադրում Հայաստանի եւ նրա հարեւանի (Ադրբեջանի) միջեւ արդար խաղաղության հասնելու համար, որքան Ֆրանսիան։ Այս մասին ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան հանրապետության խորհրդարանում՝ պատասխանելով ֆրանսիացի եվրապատգամավորի հարցին այն մասին, թե ինչ օգնություն է ցուցաբերում երկիրը Հայաստանին։

Նախարարը հիշեցրել է Հայաստանի վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի եւ Ադրեջանի նախագահի հնգակողմ հանդիպման մասին, որը կազմակերպվել էր Ֆրանսիայի նախագահի ակտիվ միջնորդությամբ։ Կոլոնան նաեւ տեղեկացրել է բարձր մակարդակով հանդիպման մասին, որը պետք է տեղի ունենա հուլիսի 21-ին Բրյուսելում՝ նշելով ԱՄՆ գործընկերների ակտիվ մասնակցության մասին, որոնց հետ Ֆրանսիան սերտ կոորդինացման մեջ է։ Նա ընդգծել է, որ Ֆրանսիան աջակցում է Հայաստանին, երբ խոսքը վերաբերում է լարվածության թուլացմանը, եւ հիշեցրել է, որ ապրիլին այցելել է տարածաշրջան, որպեսզի օգնի Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին խաղաղ համաձայնության գալ։ Որպես լարվածության թուլացման գործիք Կոլոնան նշել է Հայաստանում գործող ԵՄ առաքելությունը, որը, նրա խոսքով, մեծ մասամբ ստեղծվել է Ֆրանսիայի ջանքերով, եւ որը նպաստում է լիցքաթափմանը։

Նախարարն ընդգծել է նաեւ, որ Ֆրանսիան Հայաստանի կողքին է նաեւ հումանիտար օգնության հարցերում, որոնք քննարկվել են Քիշնեւում հունիսի 1-ին, ինչպես նաեւ Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցում։ «Դա անօրինական է, քանի որ այդպես է որոշել Միաջզգային դատարանը այս տարվա փետրվարի 22-ին։ Ինչպես տեսնում եք, մենք Հայաստաի եւ հայերի կողքին ենք, տիկին պատգամավոր»,- ընդգծել է Կոլոնան՝ ամփոփելով խոսքը։