Ալիևը Պուտինի օգնականի հետ հանդիպմանը քննարկել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ներուժը «ապագայում Ռուսաստանի կողմից օգտագործվելու հնարավորությունները»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ՌԴ նախագահի օգնական Իգոր Լևիտինին և իր շնորհավորանքը փոխանցել հունիսի 12-ի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ։

Հանդիպմանը նշվել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսական։

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման ուղղությամբ փոխադարձ ջանքերի շարունակման, բեռնափոխադրումների ծավալների ավելացման, Ադրբեջանի տարածքում համապատասխան ենթակառուցվածքների օգտագործման հնարավորությունների, Ադրբեջանի տարածքով Բաքու-Թբիլիսի-Կարս և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքներով բեռնափոխադրումների առնչությամբ:

Ադրբեջանի նախագահականի հաղորդագրության մեջ ասվում է, որ հանդիպմանը քննարկվել են նաև հարցեր՝ կապված, այսպես կոչված,  «Զանգեզուրի միջանցքի» ներուժը «ապագայում Ռուսաստանի կողմից օգտագործվելու հնարավորությունների ուսումնասիրման հետ»։

Մտքերի փոխանակում է տեղի ունեցել Ադրբեջանում ժամանակակից նավաշինական ոլորտի հնարավորությունների օգտագործման վերաբերյալ։