ՌԴ ՊՆ-ն պայմանագիր է կնքել «Ախմատ» կամավորական ջոկատի հետ
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը և «Ախմատ» հատուկ նշանակության ջոկատը պայմանագիր են կնքել, որով սահմանվում է կամավորական ստորաբաժանումների գործունեությունը «հատուկ գործողության» գոտում։ Այս մասին հաղորդվում է ռազմական գերատեսչության Telegram-ալիքում։

Պայմանագիրը ստորագրել են ՌԴ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ալեքսեյ Կիմը և Ռուսաստանի հատուկջոկատայինների համալսարանի տնօրեն Ադամ Դաշաևը։ Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ ասվում է, որ պայմանագիրը սահմանում է «Ախմատ» ստորաբաժանման «իրավական կարգավորումն ու գործունեությունը», ինչպես նաև կամավորների և նրանց ընտանիքների վրա «սոցիալական պաշտպանության և աջակցության պետական միջոցների» տարածումը։  

«Հուսով եմ՝ ապագայում, նայելով մեր առաջին փորձին, այլ կամավորական ջոկատներ նույնպես կկնքեն նման պայմանագրեր»,- հայտարարել է Ալեքսեյ Կիմը։ 

Պայմանագրի ստորագրմանը մասնակցած Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովն ասել է, որ «այդ պայմանագիրը սիրով կստորագրեն նաև կամավորական ստորաբաժանումների և ջոկատների բոլոր հրամանատարները, քանի որ այն տալիս է զինծառայողի նույն կարգավիճակը, ինչ ՊՆ-ում»: