Հյուսիսային Կորեան իր լիակատար աջակցությունն ու համերաշխությունն է հայտնել Ռուսաստանի ժողովրդին, որը «պաշտպանում է իր ինքնիշխանությունն ու ապագան իմպերիալիստների դեմ պայքարում, և մաղթել բարգավաճում և հաղթանակ»։ Այս մասին ասված է Ռուսաստանի օրվա կապակցությամբ շնորհավորական հեռագրում, որը Հյուսիսային Կորեայի առաջնորդը հղել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
«Ընկեր Կիմ Չեն Ընն ընդգծել է, որ այսօր ռուս ժողովրդի պայքարը ընդդեմ թշնամական ուժերի աճող սպառնալիքի և մարտահրավերի, որոնք փորձում են խաթարել երկրի ինքնիշխանությունը, անվտանգությունը և խաղաղ կյանքը, մտնում է նոր շրջադարձային փուլ։ Ընկեր Կիմ Չեն Ընը նշել է, որ մեր ժողովուրդն իր լիակատար աջակցությունն ու համերաշխությունն է հայտնում Ռուսաստանի ժողովրդին, որը ձգտում է իրականացնել Ռուսաստանի զարգացման ինքնիշխան իրավունքների և շահերի պաշտպանության սուրբ գործը ընդդեմ իմպերիալիստների կամայականության և քմահաճության»,- հեռագրի տեքստը մեջբերել է Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունը։
«Արդարությունը միշտ կհաղթի, իսկ ռուս ժողովուրդը այսուհետ ևս կփառավորի հաղթանակների պատմությունը»,- հավելել է Կիմ Չեն Ընը։
Նա նաև նշել է, որ Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի ժողովուրդների միջև բարեկամությունը դարձել է «արժեքավոր ռազմավարական կարողություն» երկու երկրների համար։ Հյուսիսային Կորեայի առաջնորդի խոսքով՝ ինքը պատրաստ է հետագայում ևս ամրապնդել բարիդրացիական հարաբերությունները և ռազմավարական համագործակցությունը Փհենյանի և Մոսկվայի միջև։