Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանն ու քաղաքապետի տեղակալի օգնականը եկող շաբաթ կմեկնեն Ուզբեկստան

 
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար  Լևոն Հովհաննիսյանի որոշմամբ 
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանն ու Երևանի քաղաքապետի տեղակալի օգնական Լուսինե Դայանը մայիսի 15-19-ը կգործուղվեն Սամարղանդ։  Այս մասին civic.am-ը տեղեկացավ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից։ Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում տեղի է ունենալու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպումն ու գործարար համաժողովը։ Ավինյանն և Դայանը գործուղվում են հիշյալ  միջոցառմանը մասնակցելու նպատակով։ 
Նշենք, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Հայաստանում գործունեություն է ծավալում արդեն 30 տարի՝ ներդնելով ավելի քան €2 միլիարդ մոտ 200 ծրագրերում, որոնցից շուրջ 90%-ը գործում է մասնավոր հատվածում:

 ՎԶԵԲ-ի ներդրումները Հայաստանի տնտեսությունում կազմում են տարեկան շուրջ €150 միլիոն։
Կայուն ենթակառուցվածքների ոլորտում բանկը Հայաստանի ողջ տարածքում ֆինանսավորում է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացումը և Սիսիան-Քաջարան ճանապարհի շինարարությունը։

 Մայրաքաղաքում բանկն աջակցում է Երևանի  քաղաքապետարանին՝ Երևանի բնակիչների համար ձեռք բերելու ժամանակակից և ծախսարդյունավետ ավտոբուսներ:  
 
Նշենք, որ MAN» մակնիշի 12 մետրանոց 87 ավտոբուսները, որոնց մի մասն արդեն ՀՀ-ում է,  համայնքը ձեռք է բերել Եվրամիության աջակցությամբ՝ ՎԶԵԲ-ի վարկային միջոցներով: