Եղել է տեխնիկական վրիպակ. ԿԸՀ-ն՝ պաշտոնական կայքում Բաղրամյան համայնքին առնչվող ՔՊ ցուցակի թվաքանակի մասին

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզաբանում է հրապարակել՝ հայտնելով, որ նոյեմբերի 29-ին կայանալիք Բաղրամյան համայնքի ավագանու ընտրությունների շրջանակում դիտորդների կողմից բարձրաձայնվել է ԿԸՀ պաշտոնական կայքում հրապարակված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում կուսակցական և անկուսակցական թեկնածուների թվաքանակի վերաբերյալ տեղեկատվության անհամապատասխանությունը։


«Տեղեկացնում ենք, որ արձանագրված անհամապատասխանությունը պայմանավորված է եղել տեխնիկական վրիպակով, որը նախապես վրիպել էր համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովի ուշադրությունից։


Խնդիրը բարձրաձայնվելուց հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացրել ոչ միայն վրիպակն ուղղելու վերաբերյալ դիմում, այլև փաստաթղթեր, որոնք հաստատում են, որ տվյալ թեկնածուները հանդիսանում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ։


Ներկայացված փաստաթղթերի հիման վրա վրիպակն արդեն շտկվել է, և համապատասխան տեղեկատվությունը ճշգրտվել է։


Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շնորհակալություն է հայտնում դիտորդներին՝ ցուցաբերած ուշադրության և խնդիրը բարձրաձայնելու համար»,- ասվումէ  պարզաբանման մեջ: