Պուտինը Հաղթանակի օրվա կապակցությամբ շնորհավորել է ԱՊՀ երկրների բոլոր առաջնորդներին՝ բացի Մոլդովայից
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի առաջնորդներին, ինչպես նաև Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 78-րդ տարեդարձի կապակցությամբ։
«Այս նշանակալի օրը մենք երախտագիտության և խորը հարգանքի տուրք ենք մատուցում բոլոր նրանց, որոնց անօրինակ սխրանքները մարտի դաշտերում և անձնվեր աշխատանքը թիկունքում թույլ տվեցին ջախջախել նացիստական զավթիչներին և պաշտպանել հայրենի հողի ազատությունը»,- Պուտինի ուղերձը մեջբերել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Ինչպես ընդգծել է ՌԴ նախագահը, «Մեծ հաղթանակի հոգևոր ժառանգությունը այսուհետ ևս կնպաստի մեր երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների ամրապնդմանը և արդյունավետ զարգացմանը»։
Պուտինը անկեղծ երախտագիտության խոսքեր է փոխանցել Հայրենական մեծ պատերազմի բոլոր վետերաններին և թիկունքի աշխատավորներին, մաղթել նրանց քաջառողջություն, ոգու կայտառություն, բարեկեցություն և երկար տարիների կյանք։
«Այսօր մեր բարոյական պարտքն է սրբորեն պահպանել մեր հայրերի և պապերի պատգամած բարեկամության և փոխօգնության ավանդույթները, թույլ չտալ Հայրենական մեծ պատերազմի մասին պատմական ճշմարտության խեղաթյուրում, ինչպես նաև նացիստների, նրանց հանցակիցների և ներկայիս գաղափարական ժառանգորդների արդարացումներ»,- ասվում է տեքստում: