Պուտինն ասել է` ինչի է պատրաստ ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու համար

Ռուսաստանը պատրաստ է դիտարկել Ուկրաինայի հարցով խաղաղ պայմանավորվածությունների ցանկացած տարբերակ՝ ելնելով «գետնի վրա» ստեղծվող իրողություններից։ 


Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԲՐԻԿՍ–ի գագաթնաժողովից հետո կայացած ասուլիսի ժամանակ:


«Մենք պատրաստ ենք դիտարկել խաղաղ պայմանավորվածությունների ցանկացած տարբերակ՝ ելնելով այն իրողություններից, որոնք ստեղծվում են գետնի վրա։ Եվ պատրաստ չենք որևէ այլ բանի»,-ասել է նա պատասխանելով այն հարցին, թե ինչի է պատրաստ Ուկրաինայի հակամարտությանը վերջ դնելու համար։


ՌԴ նախագահը խոսել է Ուկրաինայի հետ նոր բանակցությունների վերաբերյալ Անկարայի վերջին առաջարկի մասին, որին Մոսկվան համաձայնել է, բայց հաջորդ օրը Զելենսկին հայտարարել է, որ չի պատրաստվում որևէ բանակցություն վարել:


«Վերջերս կրկին թուրքական կողմը, պարոն Էրդողանի օգնականը հենց Նյու Յորքից զանգեց ու ասաց, որ նոր առաջարկներ կան, որոնք խնդրում են քննարկել բանակցությունների վերաբերյալ: Ես համաձայնեցի, ասացի, որ մենք համաձայն ենք։ Հաջորդ օրը Կիևի ռեժիմի ղեկավարը հանկարծ հայտարարեց, որ ոչ մի բանակցություն, բնականաբար, չի պատրաստվում անցկացնել։ Բայց մենք թուրքերին ասացինք․ «Տղերք, իհարկե շնորհակալություն ձեր մասնակցության համար, բայց դուք առաջին հերթին երևի ձեր հաճախորդներից պիտի գլուխ հանեք: Ուզում են, թե չեն ուզում, թող ուղիղ ասեն այդ մասին»»,- ասել է Պուտինը։