ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուշադրություն է դարձրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի «աշխույժ» զրույցին Կազանում «ԲՐԻԿՍ+» լիագումար նիստում։
Փաշինյանի և Ալիևի «աշխույժ» զրույցը,
որը տեղի է ունեցել Մավրիտանիայի նախագահի ելույթի ժամանակ, համընդհանուր
ուշադրություն է գրավել, սակայն, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի
խոսքով, չի խանգարել գագաթնաժողովի ընդհանուր քննարկմանը։
«ԲՐԻԿՍ+»-ի լիագումար նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո Պուտինը շոշափել է այդ թեման՝ ընդգծելով նման փոխգործակցության կարևորությունը խաղաղության գործընթացի համար։
«Շատ հաճելի է նշել, որ սկսվել է սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը. դա
խաղաղության պայմանագրին տանող ճշմարիտ ուղի է, և այն փաստը, որ ձեզ հաջողվեց այսօր մտքեր փոխանակել Ադրբեջանի նախագահի հետ, մեր միջոցառման պլյուսն է»,-
հայտարարել է Պուտինը։
ՌԴ նախագահը նշել է նաև Փաշինյանի կողմից
հիշատակված լոգիստիկ նախագծերի կարևորությունը և ընդգծել, որ Մոսկվայի համար
կարևոր է Հայաստանի դրական վերաբերմունքը Ադրբեջանի և տարածաշրջանի այլ երկրների
հետ համագործակցության նկատմամբ։