«Վրաստանը կվերադառնա ԱՊՀ. Դա ժամանակի հարց է». Լուկաշենկո

Բելառուսի ավտորիտար առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն Մոսկվայում կայացած գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է, որ կցանկանար վերականգնվեր «ԱՊՀ ընտանիքը» նախկին կազմով։


«Շատ լավ կլիներ, որ Վրաստանը վերադառնար մեր ընտանիք, Մոլդովան վերսկսեր ամբողջական ձևաչափով իր մասնակցությունը, Ուկրաինայի իշխանությունները խելքի գային, որի բնականոն կյանքի վերականգնմանը մենք ստիպված պետք է լինենք մասնակցել։ Ես միանգամայն վստահ եմ, որ այդպես էլ կլինի։ Պարզապես դա ժամանակի հարց է»,- Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում Belta գործակալությունը։


Լուկաշենկոն ընդգծել է, որ երկրները պետք է բարձր գնահատեն այն, ինչ ունեն Համագործակցությունում։


«Բոլոր նրանք, ովքեր չեն անջատվել մեր Համագործակցությունից, այսօր պատշաճ արդյունքներ են ցույց տալիս։ Նրանք չեն կորցրել իրենց երկրի կառավարումը և մնում են միջազգային հարաբերությունների լիարժեք սուբյեկտներ»,- ասել է նա։