«Արևմուտքն ուզում է ՄԱԿ-ի հովանու ներքո Հրվ. Կովկասում տեղակայել ՆԱՏՕ-ի խաղաղապահներին». Բորտնիկով

Արևմուտքը «ձգտում է հասնել այն բանին, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, ինչը Երևանին ավելի մեծ կախվածության մեջ կդնի ՆԱՏՕ-ից Բաքվի հետ հետագա հարաբերությունների հարցում», ասել է ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը Աստանայում ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների խորհրդի 55-րդ նիստում:


Նրա խոսքով՝ «մղելով Երևանին ձգձգել Բաքվի հետ բանակցությունները՝ Արևմուտքը փորձում է ղեկավարել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը և հասնել տարածաշրջանում սեփական խաղաղապահ կոնտինգենտի տեղակայմանը՝ դե յուրե ՄԱԿ-ի հովանու ներքո, իսկ դե ֆակտո՝ ՆԱՏՕ-ի»:


«Միաժամանակ, սպառազինությունների արտոնյալ մատակարարումների և անվտանգության երաշխիքների դիմաց Արևմուտքը ձգտում է հասնել այն բանին, որ Հայաստանի կառավարությունը դուրս գա ՀԱՊԿ-ից, ինչը Երևանին էլ ավելի մեծ կախվածության մեջ կդնի Հյուսիսատլանտյան դաշինքից Բաքվի հետ հետագա հարաբերությունների հարցում։ Եվ հաշվի առնելով աշխարհի տարբեր տարածաշրջաններում ՆԱՏՕ-ի միջնորդության ողջ նախկին փորձը՝ Անդրկովկասում դաշինքի ամրապնդումն ակնհայտորեն չի նպաստի տարածաշրջանի կայունությանը»,- ասել է Բորտնիկովը։


Նա հավելել է, որ «Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին տեղակայված ԵՄ-ի, այսպես կոչված, անկախ քաղաքացիական դիտորդական առաքելությունը հետախուզական գործունեություն է իրականացնում ՆԱՏՕ-ի կոնկրետ երկրի շահերից ելնելով՝ ընդդեմ Ռուսաստանի և մեր գործընկերների»: