Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում
ագրեսիայի ժամանակ օգտագործել միջուկային զենք, այդ թվում նաև, եթե թշնամին,
օգտագործելով սովորական զենք, կրիտիկական սպառնալիք է ներկայացնում։ «ՌԻԱ
Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը
միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի մշտական խորհրդակցության ժամանակ։
«Մեզ իրավունք ենք վերապահում օգտագործել
միջուկային զենք ագրեսիայի դեպքում ընդդեմ Ռուսաստանի և Բելառուսի ՝ որպես
միութենական պետության անդամի: Բելառուսական կողմի, Բելառուսի նախագահի հետ այս
բոլոր հարցերը համաձայնեցվել են, այդ թվում՝ եթե թշնամին, օգտագործելով սովորական
զենք, կրիտիկական սպառնալիք է ներկայացնում մեր ինքնիշխանության համար»,- ասել է
Պուտինը։
Ինչպես նշել է ՌԴ նախագահը, Ռուսաստանի
Դաշնությունը միշտ ձգտել է թույլ չտալ միջուկային զենքի և դրա բաղադրիչների
տարածումը։
«Մենք
միշտ բարձր պատասխանատվությամբ ենք մոտեցել նման հարցերին՝ քաջ գիտակցելով, թե ինչ
վիթխարի ուժով է օժտված այդ զենքը, ձգտել ենք ամրապնդել գլոբալ կայունության
միջազգային-իրավական բազան, թույլ չտալ միջուկային զենքի և դրա բաղադրիչների
տարածումը»,- ընդգծել է Պուտինը։
ՌԴ նախագահը հայտարարել է, որ առաջարկվել
է մի շարք ճշգրտումներ մտցնել՝ կապված Ռուսաստանի կողմից միջուկային զենքի
կիրառման պայմանների որոշման հետ։
Նրա խոսքով՝ միջուկային զսպման ոլորտում
Ռուսաստանի Դաշնության պետական քաղաքականության հիմքերի նախագծում ընդլայնվել է երկրների և ռազմական դաշինքների կատեգորիան և համալրվել ռազմական սպառնալիքների ցանկը։
«Հիմքերի նախագծում ընդլայնվում է
պետությունների և ռազմական դաշինքների կատեգորիան, որոնց նկատմամբ իրականացվում է
միջուկային զսպում, համալրվում է ռազմական սպառնալիքների ցանկը, որոնց չեզոքացման
համար իրականացվում են միջուկային զսպման միջոցառումներ»,- ասել է ՌԴ նախագահը։