ՄԱԿ-ն ընդունել է Ապագայի պակտը. Ռուսաստանը դեմ է եղել

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է «Ապագայի գագաթնաժողովի» առանցքային փաստաթուղթը՝ Ապագայի պակտը, չնայած որոշ պետությունների, այդ թվում՝ Ռուսաստանի առարկություններին։


«Ապագայի գագաթնաժողովը» տեղի է ունենում Նյու Յորքում սեպտեմբերի 22-23-ը։ Պակտն ընդունվել է հանդիպման առաջին օրը՝ ինն ամիս տևած բանակցություններից հետո, նշում է Reuters-ը։


Փաստաթղթում ամրագրված են շուրջ 56 ընդհանուր դրույթներ, որոնք միջազգային կազմակերպության անդամ երկրները պարտավորվել են իրականացնել։


Գագաթնաժողովի նիստին ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սերգեյ Վերշինինը մի խումբ պետությունների՝ Ռուսաստանի, Բելառուսի և Նիկարագուայի անունից առաջարկել է շտկում կատարել պակտում, որի հիմքում ընկած է այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը։ Փոփոխության քննարկումը մերժվել է համընդհանուր քվեարկությամբ, Ռուսաստանը դիստանցավորվել է փաստաթղթի շուրջ կոնսենսուսից։


Այս որոշմանն աջակցել են 143 երկրներ, բացի փոփոխության հեղինակներից՝ դեմ են արտահայտվել Հյուսիսային Կորեան, Սիրիան, Սուդանը և Իրանը։ 15 պետություն ձեռնպահ է մնացել։