Ռուսական իշխանությունները հանրային կարծիք են նախապատրաստում Բալթյան երկրների վրա հնարավոր հարձակման համար՝ Կալինինգրադի մարզը պաշտպանելու պատրվակով: Նման նախապատրաստության մասին են վկայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները տարածաշրջանների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, գրում են Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) վերլուծաբանները։
Պուտինը հայտարարել է, որ «խնդիրներ» կան տարածաշրջանում, որտեղ ապրում է ավելի քան մեկ միլիոն մարդ։
«Այն բանից հետո, երբ այն (Կալինինգրադի մարզը) դարձավ Ռուսաստանի Դաշնության անկլավը, առաջացան մի շարք խնդիրներ, որոնք, անկասկած, կարելի է և անպայման պետք է լուծել»,- ասել է Պուտինը։
«Պետք է ձգտել նրան, որ դա լինի ոչ միայն մեր ֆորպոստն ու ամրոցը Հայրենիքի
արևմտյան սահմաններում, այլև որ Կալինինգրադի մարզը օրգանապես ներգրավվի ողջ երկրի
կյանքում, որ նա զգա՝ դա մեծ պետության մաս է կազմում»,-
ընդգծել է ՌԴ նախագահը։
Նա հավելել է, որ «չպետք է որևէ արգելք լինի մարդկանց տեղաշարժի համար», իսկ
տարածաշրջանն ինքը պետք է լինի «Ռուսաստանի Դաշնության օրգանական մաս»։
Պուտինի հայտարարությունները «ուղղված են ներքին լսարանին» և կարող են վկայել,
որ նա «հող է նախապատրաստում Բալթյան երկրների դեմ ապագա ագրեսիայի համար՝ Կալինինգրադի
մարզը պաշտպանելու պատրվակով», գրում է ISW-ն։