Արևմուտքը որոշում է կայացրել ՌԴ խորքերին հարվածներ հասցնելու մասին․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը գիտի, որ Արևմուտքն արդեն որոշում է կայացրել ռուսական տարածքի խորքին հարվածների վերաբերյալ և համապատասխան ազդակները փոխանցել է Կիևին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը ԲՐԻԿՍ-ի յոթերորդ մեդիա գագաթնաժողովի շրջանակում։



«Նախագահն այդ թեմայով շատ հստակ է արտահայտվել։ Մենք գիտենք, որ համապատասխան որոշումներն ընդունվել են որոշ ժամանակ առաջ, և նման ազդանշաններ փոխանցվել են Կիևին», - ասել է դիվանագետը՝ պատասխանելով հարցին։



ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ավելի վաղ հայտնել էր, որ քննարկվում է Ուկրաինային ATACMS հրթիռների օգտագործման թույլտվության հարցը՝ ՌԴ խորքերին հարվածներ հասցնելու համար: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն իր հերթին հայտարարել է, որ Ուկրաինա կատարած այցի ժամանակ այդ հարցի քննարկման արդյունքները կներկայացնի Բայդենին: