Բելառուսում բնակվող ազգային համայնքների
ներկայացուցիչների հետ հանդիպմանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել
է, որ ինքը կողմ է Հայաստանի հետ լավ հարաբերությունների պահպանմանը։ Լուկաշենկոն
ընդունել է, որ երկկողմ հարաբերություններում կան որոշակի «թերացումներ և
նրբերանգներ», սակայն վստահ է, որ Մինսկի մեղքը դրանում բացարձակապես չկա։
«Մենք ամեն կերպ փորձել ենք օգնել
հայերին, համագործակցել ենք ինչպես ամենամոտ մարդկանց հետ, ամեն կերպ օգնել ենք: Բայց,
տեսեք, ցանկացել են Արևմուտք, ԵՄ... Ի՞նչ Արևմուտք։ Մենք դեմ չենք Արևմուտքի, ամերիկացիների հետ համագործակցությանը, բայց դուք տեսնում եք նրանց քաղաքականությունը»,- նրա խոսքերն է մեջբերում «ԲելՏԱ» գործակալությունը։
Բելառուսի նախագահը վստահ է, որ ԱՄՆ
ընտրություններից հետո նոր ղեկավարությունը, անկախ նրանից՝ կլինի Թրամփը, թե
Հարիսը, կվերանայի իր քաղաքականությունը։
«Նրանց (ամերիկացիների) սովորությունն այսպիսինն
է. «Իսկ ո՞վ եք դուք։ Մենք ձեզ չենք ճանաչում: - Ինչպե՞ս չեք ճանաչում, չէ՞ որ մենք ձեզ հետ ընկերություն ենք արել, դուք մեզ զենք եք մատակարարել... - Չէ, դա մենք չենք եղել»,- ասել է նա։
Լուկաշենկոյի խոսքով՝ այս մասին ինքն անընդհատ խոսել է Հայաստանի
ղեկավարության հետ՝ խորհուրդ տալով վստահել քաղաքականության մեջ իր բազմամյա
փորձին։ Լուկաշենկոն հավելել է, որ ինքը «շատ բան է տեսել, նրանց չի կարելի
վստահել»։ Նա միաժամանակ վստահ է, որ հայերը շատ խելացի
մարդիկ են, և շուտով նրանք կհասկանան, թե որտեղ է իրենց երջանկությունը։