Ուկրաինայի զինված
ուժերի գրոհը Կուրսկի մարզ խուճապ առաջացնելու և Ռուսաստանի ներսում իրավիճակը ցնցելու
նպատակ ուներ, սակայն թշնամու խնդիրները ձախողվեցին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր
Պուտինը Վլադիվոստոկում Արևելյան տնտեսական ֆորումի ժամանակ։
Նա Կուրսկի և
Զապորոժիեի ատոմակայանների հարակից տարածքների վրա Ուկրաինայի զինված ուժերի
գնդակոծությունը անվանել է շատ վտանգավոր ահաբեկչություն։ Նրա խոսքով՝ կարելի է միայն պատկերացնել, թե ինչ կլինի Եվրոպայում, եթե
Ռուսաստանը սկսի հայելային կերպով արձագանքել այդ հարձակումներին։
ՌԴ նախագահը նշել
է, որ ուկրաինական ուժերի գործողությունները միայն կոնսոլիդացրել են ռուսական հասարակությանը,
իսկ Կուրսկի մարզում տեղի ունեցած իրադարձություններից հետո ՊՆ-ի հետ պայմանագիր
կնքել ցանկացողների թիվը միայն աճել է։
Կիևի մեկ այլ խնդիրն էր կասեցնել Ռուսաստանի
առաջխաղացումը Դոնբասում։
«Հակառակորդի
նպատակն էր մեզ ստիպել նյարդայնանալ, իրար անցնել, զորքերը տեղափոխել մի տարածքից
մյուսը և կասեցնել մեր հարձակումը առանցքային ուղղություններով, առաջին հերթին
Դոնբասում, որի ազատագրումը մեր առաջնահերթ նպատակն է»,- հավելել է նա։
Պուտինի խոսքով՝
Ռուսաստանի զինված ուժերը կայունացրել են իրավիճակը և սկսել են հակառակորդին դուրս
մղել սահմանամերձ տարածքներից։
Անդրադառնալով Կիևի հետ բանակցային գործընթացի հեռանկարներին՝ Պուտինը հայտարարել է, որ
Մոսկվան երբեք չի հրաժարվել դրանից, բայց պատրաստ է բանակցությունների ոչ թե
Ուկրաինայի անիրական պահանջների, այլ 2022 թվականի մարտի Ստամբուլի
պայմանավորվածությունների հիման վրա։ Այդ ժամանակ
Արևմուտքն ու Կիևը հրաժարվեցին պայմանավորվածություններից՝ նպատակ ունենալով հասնել Ռուսաստանի ռազմավարական պարտությանը, բայց դա նրանց չի հաջողվում։