«Եթե Հայաստանը ցանկանում է ուղիղ բանակցել Ադրբեջանի հետ, ապա ի սեր Աստծու». Լավրով

Եթե ​​Հայաստանի իշխանությունները ցանկանում են ուղիղ բանակցություններ վարել Ադրբեջանի հետ՝ առանց Ռուսաստանի մասնակցության, ապա դա նրանց ընտրությունն է։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով ՄԳԻՄՕ-ի դասավանդողների և ուսանողների առաջ։


«Նույն կերպ մենք հիմա անհանգստացած ենք, որ եռակողմ պայմանավորվածությունները, որ Ռուսաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը կնքել են 2020-2022 թվականների մի քանի գագաթնաժողովներում, նույնպես առկախվել են: Ահա ես հիշատակեցի տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը, այն այժմ գործնականում արդեն չի պատրաստվում: Երևանը համարում է, որ դա պետք է արվի ուղիղ Ադրբեջանի հետ, բայց եթե նրանց հաջողվի, ապա ի սեր Աստծու»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։  


Նախարարի խոսքով՝ «բոլոր տարբերություններով և հակասություններով հանդերձ», Ռուսաստանը և նրա գործընկերները «ունեն ըմբռնում առ այն, թե ով ինչի համար է հանդես գալիս, ու կա ցանկություն, և արդեն կա արդյունք այն բանում, ինչը վերաբերում է մեր մոտեցումների մերձեցմանը համաձայնեցված զուգահեռ գործընթացների մշակման առումով», որը վերջնարդյունքում կունենա դրական բնույթ։

 

Ինչպես հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 31-ի ասուլիսում, Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունները դրական արդյունքներ են տալիս, և այժմ եռակողմ ձևաչափը վերսկսելու անհրաժեշտություն չի տեսնում, այդ թվում՝ Ռուսաստանի մասնակցությամբ։